Նորություններ և իրադարձություններ
ԻԱԿ-ն աջակցում է “Mulberry” համակարգի ներդրմանը
18.08.2009
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը օգոստոսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանին անհատույց տրամադրեց 2 համակարգիչ` մարզպետարանում էլեկտրոնային կառավարման փաստաթղթաշրջանառության “Mulberry” համակարգը ներդնելուն աջակցելու նպատակով։
Հոկտեմբերին ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանում ներդնելու է “Mulberry” համակարգը, ինչպես նաեւ մարզպետարանի աշխատակիցների համար հատուկ ուսուցում է կազմակերպելու` ծրագիրը շահագործելու հմտություններին ծանոթացնելու նպատակով:
Տեղեկացնենք, որ մինչ տարեվերջ հանրապետության 23 համայնքներում նախատեսվում է ներդնել փաստաթղթաշրջանառության “Mulberry” համակարգ:
Այս համակարգն էլեկտրոնային կառավարման ծրագիր է` նախատեսված Հայաստանի բոլոր քաղաքային, գյուղական եւ թաղային համայնքների համար: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի շնորհիվ կբարձրանա աշխատանքների, ինչպես նաեւ քաղաքացիների սպասարկման արդյունավետությունը, քանի որ ներքին ցանցի միջոցով է կատարվելու նամակների եւ դիմումների շրջանառությունը:
Գեղարքունիքի մարզպետարանին համակարգիչները տրամադրվեցին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում: