Նորություններ և իրադարձություններ
ԻԱԿ-ի հերթական այցը Տավուշի մարզ էր
02.03.2009

ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին նախ ներկայացրեց ՏԱ օրենքը, տեղեկատվության դասակարգման, մշակման, պահպանման կարգը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը, ապա եւ` տեղեկատվություն ստանալու հարցում գրելու եւ մերժելու կարգերը:
Համայնքապետերը հիմնականում դրական են վերաբերում ՏԱ օրենքին, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակմանը, միայն ՏԱ օրենքի մի կետն է, որ որոշակի դժգոհությունների տեղիք է տալիս: Այն է`որ տեղեկություն ստանալու հարցում ուղարկողը պարտավոր չէ հիմնավորել, թե ինչու է փնտրում տվյալ տեղեկատվությունը: “Եթե տվյալ տեղեկատվությունը փակ չէ, նրանում չկան գաղտնիք պարունակող տվյալներ, ապա այն բոլորինն է` առանց բացառությունների եւ նախապայմանների”,-տեղեկացրեց փորձագետը:
ԻԱԿ փորձագետ Մ. Հակոբյանը նաեւ ընդգծեց, որ “համայնքը սկզբունքորեն որեւէ փակ տեղեկատվություն չպետք է ունենա”: Եվ հրապարակման ենթակա են ոչ միայն ընդունված որոշումները, այլ նաեւ դրանց նախագծերը: Հանդիպմանը ներկա համայնքապետերից միայն մեկը հպարտությամբ նշեց, որ իր համայնքում այդպես էլ արվում է, մնացածները նշյալ հարցի վերաբերյալ չունեին ասելիք:
Հաջորդ հանդիպումը մարզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ էր, որին մասնակցում էին 28 երիտասարդ: Հանդիպման հիմնական առանցքը երիտասարդության ակտիվության խթանումն է: “Տեղեկացված քաղաքացին ավելի ուժեղ եւ պաշտպանված է”,-ներկաներին խրախուսեց Մ. Հակոբյանը:
Երիտասարդները անվստահ տեղեկացրեցին, որ պաշտոնյաներին դիմելիս հազվադեպ են պատասխան ստանում: ԻԱԿ ներկայացուցիչ Անահիտ Քոչարյանն էլ խորհուրդ տվեց տեղեկատվություն ստանալու հարցումները ձեւակերպելիս օգտվել ԻԱԿ-ի կողմից մշակած տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձեւից:
Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում: