Նորություններ և իրադարձություններ
Դատը սկսվեց ֆոտոսեսիայով
09.02.2009

Փետրվարի 6-ին ՀՀ վարչական դատարանում (դատավոր` Աշոտ Սարգսյան) շարունակվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ թաղային համայնքի ղեկավարի հայցի նախնական քննությունը:
Հիշեցնենք, որ ԻԱԿ-ը դատարանից պահանջել էր Նոր Նորքի թաղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչել, վերջինիս հնգօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնել եւ Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանին 50.000 դրամ տուգանքի չափով վարչական պատասխանատվության ենթարկել:
Պատասխանող կողմին` Նոր Նորքի թաղապետարանի ներկայացուցչին, պատճաշ կերպով ծանուցվել էր դատի մասին, սակայն պատասխանող կողմը չէր ներկայացել նախնական դատական նիստին: Հետեւաբար, դատը սկսվեց առանց պատասխանող կողմի: Եվ որքան էլ դատավորը դեռ նախորդ նախնական դատական նիստի ժամանակ ջանք էր թափում հաշտեցնելու կողմերին, անգամ հուշումներ էր անում պատասխանող կողմին, այնումանեայնիվ, հաշտություն այդպես էլ տեղի չէր ունեցել:
Դատավորը գործը համարեց դատաքննությանը նախապատրաստված, գործի քննությունը նշանակեց 2009թ. մարտի 6-ին, ժամը 15:30-ին` չմոռանալով կրկին անգամ հույս հայտնել, որ մեկ ամսվա ընթացքում հնարավոր է հաշտություն կնքվի ԻԱԿ-ի եւ Նոր Նորքի թաղապետարանի միջեւ:
Այս թեմայով այլ նյութեր`
ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Նոր Նորքի թաղապետի եւ թաղապետարանի