Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2009

28.09.2009

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը “Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունը” անցկացնում է արդեն 7-րդ տարին` 2003 թվականից ի վեր: Այն նվիրվում է տեղեկատվության ազատության միջազգային օրվան։

 

 



 

 

 



 

 

 

 

 

 

 

 

 

Մրցանակաբաշխության դրական մրցանակն է Ոսկե բանալին` որպես բաց եւ լավ աշխատանքի խորհրդանիշ, եւ Ժանգոտ կողպեք` որպես գաղտնիության եւ վատ աշխատանքի խորհրդանիշ:

2009թ.-ին Ոսկե բանալի մրցանակներ տրվեցին հետեւյալ անվանակարգերում.

  • Շիրակի մարզի Ազատան գյուղապետարանին` որպես 2009թ. ամենահրապարակային գործող մարմին,
  • ՀՀ Տարածքային կառավարման նախարարությանը` որպես 2009թ. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը լավագույնս գործարկող գերատեսչություն,
  • “Հույսի կամուրջ” ՀԿ-ին` որպես 2009թ. տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ օգտագործած հասարակական կազմակերպություն,
  • Գրիշա Բալասանյանին`որպես 2009թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող,
  • Արմեն Գալստյանին` որպես 2009թ. տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ օգտագործած քաղաքացի:
  • Հատուկ մրցանակ ՀՀ Վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին` որպես տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավոր։

2009թ.-ին Ժանգոտ կողպեք տրվեց հետեւյալ անվանակարգում.

  • “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի գրասենյակ” ՊՈԱԿ-ին` որպես “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված պարտավորությունները չկատարող մարմին:

“Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք մրցանակներն իսկապես ունենում են դրական ներգործություն,- ասում է ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը,- Այսօր արդեն գրեթե բոլոր պետական մարմինները շահագրգռված են բարեփոխել իրենց աշխատաոճը եւ առավել հրապարակային գործել դրական մրցանակի արժանանալու համար, իսկ կողպեքի արժանացածները լրջորեն վերանայում են իրենց գործունեությունը”։

Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը: Հրապարակային եւ փակ գերատեսչություններն ընտրվել են հետեւյալ չափանիշները հաշվի առնելով.

- Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի պահանջների կատարում:
- Տեղեկություն ստանալու հարցումներին պատշաճ ձեւով ընթացք տալ (գրանցել, օրենքով սահմանված ժամկետում պատասխանել):
- Պարբերաբար հրապարակել օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները` համաձայն ՏԱ օրենքի (բյուջեն, որոշումները, բյուջեի կատարման հաշվետվությունները, ավագանու նիստերի մասին տեղեկատվություն, եւ այլն):
- ԶԼՄ-ների հետ համագործակցություն` հանրությանը ժամանակին եւ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին