Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Խախտվել է լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը

20.02.2008

Փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ գրանցվել են դեպքեր, երբ խախտվել է լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքըը: Ահա նման 3 դեպք (աղբյուրը` Ա1+, www.a1plus.am և «Հայք» օրաթերթ):

 

Թիվ 43 դպրոցում տեղակայված 13/16 ընտրատեղամասում «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Լուսինե Բարսեղյանին ծեծել են ոստիկանների ներկայությամբ: Վերջինիս տեղեկացրել էին, որ մեծ թվով քվեաթերթիկներ գողացվել և տարվել են ընտրական հանձնաժողովի նախագահի առանձնասենյակ: Երբ Տեր-Պետրոսյանի վստահված անձը և «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը պահանջեցին գրանցել այդ միջադեպը, հանձնաժողովի նախագահը հրաժարվեց: «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողը փորձեց պարզել միջադեպի մանրամասները, սակայն հանձնաժողովի նախագահ Վասիլ Աֆյանը ներս հրավիրեց ոստիկաններին և ասաց, որ լրագրողին հեռացնեն ընտրատեղամասից: Բայց լրագրողը շարունակեց կատարել իր մասնագիտական պարտականությունները: Այդ պահին տեղամաս ներխուժեց մի մարդ, որը, վերցնելով լրագրողի տեսախցիկը և ձայնագրիչը, սկսեց նրան ծեծել: Ոստիկանները ականատես եղան այս միջադեպին, սակայն չմիջամտեցին:

Արաբկիրի 5/23 ընտրատեղամասում ժամը 18-ի սահմաններում իրարանցում է եղել: Ընտրատեղամաս են մտել 10 երիտասարդներ, որոնցից մի քանիսը սկսել են քվեաթերթիկներ լցնել քվեատուփի մեջ: Այդ պահին հանձնաժողովի նախագահը քաշվել է մի կողմ և ոչինչ չի ձեռնարկել` նրանց գործողությունները կանխելու համար: Հանկարծ քվեարկողներից մեկը, որը միջին տարիքի տղամարդ էր, նկատեց լցված քվեաթերթիկները և հասցրեց բռնել նրանցից մեկը: «Նայեք, Սերժ Սարգսյանի օգտին է քվեարկված»: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը հաստատեց նույնը:

«Ա1+»-ը նկարահանում էր միջադեպը: Տեսնելով «Ա1+»-ի տեսախցիկը` երիտասարդներից մեկը հարձակվեց օպերատորի վրա: Սակայն հանձնաժողովի նախագահը կարգի հրավիրեց ներկաներին, և երիտասարդները դուրս եկան ընտրատեղամասից: Սակայն նրանք շենքից դուրս չէին եկել, այլ թաքնվել էին 2-րդ հարկում` սպասելով լրագրողներին:

Լրագրողները անվնաս դուրս եկան ընտրատեղամասից ոստիկանների ուղեկցությամբ:

«Հայք» օրաթերթի լրագրող Սամվել Ավագյանը տեղեկացել էր, որ Գումի շուկայի տարածքում աշխատող ոչ երևանաբնակ քաղաքացիներին ինչ-որ տեղեկանքներ են բաժանվում: Երբ լրագրողը մեկնել էր դեպքի վայր, ականատես էր եղել, որ 47 համարի երթուղային տաքսով այդ քաղաքացիներին տեղափոխում են ընտրական տեղամաս: Նա փորձել է այդ քաղաքացիներից տեղեկանալ, թե ինչով են զբաղված, սակայն նրան ասել են, որ դիմի իրենց տնօրենին: Սամվել Ավագյանը տնօրենին է դիմել նույն հարցով, սակայն վերջինս պատասխանել է, որ իրենք օրինական են գործում, նույնիսկ ոստիկանության աշխատակիցն է ներկա այդ գործընթացին: Լրագրողը դիմել է ոստիկանության աշխատակցին և խնդրել պարզաբանումներ տալ, որն էլ պատասխանել է, որ ինքը այստեղ է, որպեսզի կարգ ու կանոն հաստատի: Փաստորեն, ընտրակեղծիքի փաստը այնքան ակնհայտ է եղել, որ ոստիկանության աշխատակիցը չի կարողացել անտարբեր անցնել դրա կողքով: Այդ պահին լրագրողը միացրել է ձայնագրիչը, որպեսզի ձայնագրի ոստիկանի ասածները, սակայն այդ պահին տնօրենը հարձակվել է նրա վրա, քաշքշել նրան, խլել ձայնագրիչը և վիրավորական արտահայտություններ ասել նրա հասցեին: Վերջիվերջո, Սամվել Ավագյանը ետ է ստացել իր ձայնագրիչը, ձայնագրություններից, սակայն, ոչինչ չէր պահպանվել:

← Վերադառնալ ցուցակին