Նորություններ և իրադարձություններ
Տեղեկատվություն ստանալու նոր հարցումներ
09.05.2007
“Ինֆորմացիայի ազատության կենտրոնը” 2007թ. ապրիլին հարցումներ էր ուղարկել Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր թաղապետարաններին, ինչպես նաեւ Սպիտակի, Արմավիրի, Արտաշատի, Էջմիածնի, Իջեւանի, Չարենցավանի եւ Աշտարակի քաղաքապետարաններին` խնդրելով տրամադրել քաղաքապետերի որոշումների պատճեններն ու Երեւանի թաղամասերում կանգառների վերաբերյալ տեղեկատվություն:
Հարցումներն անպատասխան են թողել Արաբկիրի թաղապետարանը, Էջմիածնի եւ Իջեւանի քաղաքապետարանները: Մյուս քաղաքապետարաններն ու Կենտրոն թաղապետարանը հարցումներին պատասխանել են 5-օրյա կամ 30-օրյա ժամկետներում: Ամենածավալուն պատասխանն ուղարկել է Արտաշատի քաղաքապետարանը` 58 էջ տեղեկատվություն: Արմավիրի քաղաքապետարանը համաձայնել է որոշումների պատճեններն ուղարկել միայն պատճենները ստանալու համար համապատասխան վճար կատարելուց հետո, որը կազմում է 6400 դրամ 128 որոշման համար: Սպիտակի քաղաքապետարանն էլ տեխնիկական պատճառներով չի կարողացել պատճենահանել եւ տրամադրել 66 էջից բաղկացած որոշումներ, ուստի պատասխան գրությամբ նշել է, թե ինչ բովանդակությամբ քանի որոշում է եղել:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը բողոքարկել է անպատասխան թողած քաղաքապետարանների անգործությունը, որի արդյունքների մասին կտեղեկացնենք։