Նորություններ և իրադարձություններ
Ձեր օրենքն ավելի լավն է, քան մերը
24.01.2007
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2007թ.-ի հունվարի 17-ից 18-ը լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների համար Ծաղկաձորում անցկացրեց "Տեղեկատվության ազատության մասին օրենքի կիրառումը" թեմայով աշխատանքային քննարկում:
ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը մասնակիցներին ներկայացրեց "ՏԱ մասին" ՀՀ օրենքի դրույթներն ու դրանց ճիշտ կիրառման ձեւերը, ինչպես նաեւ` տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձեւը:
Քննարկմանը մասնակցում էր նաեւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրանը, ով առաջինն է արժանացել "Ոսկե բանալի" մրցանակին` բաց եւ թափանցիկ աշխատանքի համար: "Կառույցի թափանցիկ աշխատանքը նպաստավոր է ոչ միայն տեղեկատվություն պահանջողի, այլեւ` այդ տեղեկատվությունը տրամադրողի համար, քանի որ այս դեպքում փաստերի խեղաթյուրման հնարավորությունը նվազում է, իսկ դա մեր աշխատանքի համար շատ կարեւոր է":
Բուլղարացի փորձագետ Գերգանա Ժուլեւան ներկայացրեց ՏԱ հիմնական պատկերն իրենց երկրում եւ անդրադարձավ իր գլխավորած կառույցի` "Տեղեկատվության մատչելիության ծրագիր" կազմակերպության աշխատանքին: "Ձեր օրենքն ավելի լավն է, քան մերը: "ՏԱ մասին" ՀՀ օրենքում ձեւակերպումներն ավելի հստակ են եւ երկակի մեկնաբանությունների շատ քիչ հնարավորություններ են տալիս, ուղղակի պետք է կարողանալ օգտվել օրենքից եւ հետեւողական լինել",- ասաց տկն. Ժուլեւան: Նա ուրախությամբ նշեց, որ "Open Society Justice Initiative" կազմակերպության անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանը ճանաչվել է "ՏԱ մասին" օրենքը լավագույնս կիրառող երկիր, բայց, իհարկե, այս ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան: