Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն - 2006թ.

02.10.2006

Տեղեկատվության ազատության մրցանակա-բաշխությունն անցկացվում է 2002թ.-ից: 2006թ.-ի սեպտեմբերի 28-ին` Տեղեկատվության ազատության միջազգային օրը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը անցկացրեց Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն-2006:



 

 



ՀՀ Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչը ստանում է ոսկե բանալի մրցանակը ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Կարլ Ֆիկենշերից:


ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը մրցանակը ստանում է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Ծովինար Արեւյանից:


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պրն. Արմեն Հովհաննիսյանը ոսկե բանակլին հանձնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին:


"Առավոտ" օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին ոսկե բանալի է հանձնում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար պրն. Վ. Պրյախինը:

2006թ. մրցանակակիրներն են.

  • 2006թ. ամենաբաց գերատեսչություն  է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզպետարանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառող գերատեսչություն։
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ եւ լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
  • 2006թ. տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող է ճանաչվել Հռիփսիմե Ջեբեջյանը («Առավոտ» օրաթերթ):
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ կիրառած քաղաքացի է ճանաչվել Արտակ Զեյնալյանը:
  • Տեղեկատվության ազատության տեսանկյունից լավագույն պաշտոնական ինտերնետային էջ է ճանաչվել ՀՀ Գլխավոր դատախազության ինտերնետային էջը:

Այս մրցանակակիրներին տրվել են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ:

  • Ոչ ճշգրիտ պատասխան տրամադրած պետական գերատեսչություն է ճանաչվել ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը:

    2005թ. ընթացքում նախարարության եւ «ԱրմենՏելի» միջեւ կայացած բանակցությունների նիստերի արձանագրու-թյունները ստանալու` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներին նախարարությունը տվել է 3 միմյանց հակասող պատասխաններ: Առաջին պատասխանում նշվել է, թե փնտրվող տեղեկությունները փոխանցվել են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ինչը պարզվեց` չի համապատասխանում իրականությանը։  Երկրորդ գրությամբ պատասխանվել է, թե տեղեկություններն, իրոք, նախարարությունում են, սակայն դրանց մի մասը պարունակում է կոմերցիոն գաղտնիք` ուստի պետք է որոշակիացնել, թե որ արձանագրությամբ է ԻԱ կենտրոնը հետաքրքրված: Ի պատասխան 3-րդ հարցմանը` փոխնախարար Վ. Առաքելյանն ուղղակի մերժեց տրամադրել արձանագրությունները` հիմնավորելով, թե տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանված չէ կառավարության կողմից:
  • Հայաստանի Հանրապետության հանրային գործառույթներ իրականացնող ամենափակ մարմին է ճանաչվել Արմենթելը, որն ամենավատն է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:

Այս երկու մրցանակակիրներին տրվել են ժանգոտած կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ:

Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ։ 

 

 

← Վերադառնալ ցուցակին