Նորություններ և իրադարձություններ
ՏԱ Միջազգային օր
27.09.2006
Սեպտեմբերի 28-ը տեղեկատվության ազատության միջազգային օրն է:
Սեպտեմբերի 28-ին ժամը 10-ին «Երեւան» հյուրանոցում» տեղի կունենա Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված համաժողով, որտեղ կքննարկվեն տեղեկատվության ազատության իրավունքի հիմնախնդիրները, կներկայացվեն տեղեկատվության ազատության քաղաքացիական եւ դատական պաշտպանության հարցերը Հայաստանի Հանրապետությունում: Բացման խոսքով հանդես կգան ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Տկն. Կոնսուելո Վիդալը, Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Պրն. Կարլ Ֆիկենշեր, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Պրն. Վլադիմիր Պրյախինը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Պրն. Արմեն Հարությունյանը կներկայացնի տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանությունը ՀՀ-ում: Քննարկմանը կմասնակցեն պետական պաշտոնյաներ, դատավորներ, տեղեկան ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Ժամը 12:30-ին` համաժողովին կհաջորդի Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությունը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն անցկացնում է արդեն չորրորդ տարին` 2002 թվականից։ Որպես դրական մրցանակներ` ոսկե բանալիներ են շնորհվում հետեւյալ նոմինացիաներում հաղթողներին.
- 2006թ.-ի ամենաբաց գերատեսչություն` որպես "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը լավագույնս կիրառող գերատեսչություն:
- Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ եւ լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն:
-
2006թ. տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող:
-
Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ կիրառած քաղաքացի:
-
Տեղեկատվության ազատության տեսանկյունից լավագույն պաշտոնական ինտերնետային էջ:
Իսկ ժանգոտ կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ, կտրվեն երկու բացասական նոմինացիաների արժանացած գերատեսչություններին.
-
Ոչ ճշգրիտ պատասխան տրամադրած պետական գերատեսչություն։
-
Հայաստանի Հանրապետության ամենափակ գերատեսչություն:
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ։
2006թ. ամենաբաց գերատեսչություն` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառող գերատեսչություն։