Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Փոստին չես խաբի

01.05.2006

Սև ցուցակում հայտնվելուց և ՀՀ Նախագահի խորհրդական Բագրատ Եսայանի միջամտությունից հետո Արարատի մարզի Այգավանի գյուղապետը պատասխանեց 5 ամիս առաջ նրան ուղարկված հարցմանը` կեղծելով ամսաթիվը:

2005թ.-ի դեկտեմբերի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում էր ուղարկել Այգավանի գյուղապետ Դ. Ավետիսյանին` խնդրելով տրամադրել 2005թ.-ի ընթացքում հողհատկացումների վերաբերյալ կայացրած որոշումները: Գյուղապետը հարցումն անպատասխան էր թողել:

2006թ.-ի հունվարի 14-ին նրան հիշեցում ուղարկվեց, սակայն այս գրությունը ևս անպատասխան մնաց 4 ամիս: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը խախտելու պատճառով Այգավանի գյուղապետը հայտնվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Սև ցուցակում: Գործին միջամտեց նաև ՀՀ Նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը` գյուղապետին պաշտոնապես հիշեցնելով իր պարտականությունների մասին: Վերջապես պահանջվող բոլոր տեղեկությունները տրամադրվեցին:

Հատուկ ուշադրության են արժանի տեղեկությունների տրամադրման ժամկետները:  Գյուղապետի պատասխան գրությունը թվագրված էր 2006թ. հունվարի 21, այսինքն ստացվում էր, որ գյուղապետը մեզ պատասխանել է դեռ 4 ամիս առաջ: Բայց ինչու՞ է պատասխան գրությունը ստացվել ապրիլի վերջին: Կա 2 վարկած. առաջին` փոստատարները շատ, շատ վատ են աշխատում, երկրորդ` գյուղապետը պատասխանը ուշ է ուղարկել, իսկ ամսաթիվը դիտավորյալ կեղծել է: Բայց փոստին չես խաբի. փոստային ծրարի վրա դրված էր փոստի առաքման կնիքը` ապրիլի 21, 2006թ. ամսաթվով: Երևի գրությունն ընկել էր գյուղապետի սեղանի տակ և գտնվել է 4 ամիս անց: Այնպես որ, ոչ-ոք մեղավոր չէ:

← Վերադառնալ ցուցակին