Նորություններ և իրադարձություններ
Կողպեքի հրաշագործ ուժը
04.04.2006
Երևանի քաղաքապետարանը ամենափակ գերատեսչությունից վերածվել է բաց եւ հրապարակային աշխատող գերատեսչության:
2005թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները տեղեկատվության ստանալու 5 հարցում էին ուղարկել Երևանի քաղաքապետարան: Բոլոր հարցումներն էլ պատասխանի արժանացան, որոնցից 4-ը` 5-օրյա ժամկետում:
Նույն ամիսների ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 3 հարցում է ուղարկել քաղաքապետարան: Այս հարցումներին ևս Երևանի քաղաքապետարանը պատասխանել էր «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում:
Հիշեցնենք, որ 2005թ. դեկտեմբերի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից անցկացվեց տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն, որի ժամանակ Երևանի քաղաքապետարանը արժանացավ փակ կողպեքի` որպես տեղեկատվության ոլորտում ամենափակ գերատեսչություն: Կարծես կողպեքը փոխում է Երևանի քաղաքապետարանի աշխատաոճը, և օրինախախտ մարմինն այժմ կարող է անգամ հավակնել Ոսկե բանալի մրցանակին` որպես օրինապաշտ մարմին: