Նորություններ և իրադարձություններ
ԻՇ տվյալների մշտադիտարկման դասընթաց
12.11.2023
Նոյեմբերի 11-12-ին կայացավ իրական շահառուների տվյալների մշտադիտարկման վերաբերյալ դասընթաց-քննարկում լրատվամիջոցների և ՀԿ շուրջ 15 ներկայացուցիչների հետ:
Դասընթացի նպատակն էր լրագրողներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներկայացնել պրակտիկ գործիքներ և հմտություններ, որոնց միջոցով հնարավոր կլինի բացահայտել իրական շահառուներին և հետաքննել նրանց ետևում գտնվող կազմակերպությունների գործունեությունը:
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանը և լրագրող Մկրտիչ Կարապետյանը մասնակիցներին ներկայացրին իրական շահառուների հայեցակարգի, թափանցիկության չափանիշների և աշխարհում այս հարցով իրականացված գործընթացների, Հայաստանում և տարբեր երկրներոմ գործող ռեգիստրների, միջազգային կազմակերպությունների կողմից ստեղծված հարթակների մասին տեղեկություններ, ինչպես նաև գործընկերների հետ կիսվեցին լրագրողական հետաքննությունների իրականացման իրենց փորձով:
Մասնակիցներին ներկայացվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մշակած Իրական շահառուների տվյալների մշտադիտարկման ուղեցույցը, որը լրագրողներին և հետազոտողներին պրակտիկ հմտություններ և տեղեկատվություն է տալիս իրական շահառուների գործունեությանը վերաբերող բաց աղբյուրների, տվյալների օգտագործման և համադրման եղանակների վերաբերյալ:
Դասընթացի հաջորդ օրը ԻԱԿ հետազոտող Հարություն Ծատրյանը ներկայացրեց Իրական շահառուների բարեփոխումների գործընթացը Հայաստանում, ԻԱԿ իրականացրած հետազոտության արդյունքները բիզնես ընկերությունների և մեդիա գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների վրա ունեցած ազդեցության համատեքստում:
Այնուհետ ԻԱԿ փորձագետ Գևորգ Հայրապետյանը մասնակիցների հետ քննարկեց անձնական տվյալների պաշտպանության հարցերը իրական շահառուների հայտարարագրման համատեքստում
Միջոցառումն իրականացվել է «Տեղեկատվության մատչելիության բարեփոխում և իրական շահառուների թափանցիկությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Արևելյան գործընկերություն. Բաց դռների դրամաշնորհներ» ենթադրամաշնորհային նախագծի աջակցությամբ «ԵՄ-ն բարեվարքության համար» ծրագրի միջոցներից: