Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Հայտարարություն. դիտարկել ԱԺ նախագահի պատասխանատվության ենթարկելու հարցը

06.04.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում, որ բռնությունը մեր կյանքում տեղ չունի: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շարունակում են նախկին նախահեղափոխական ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչների արատավոր բարքերը։

Համաձայն մամուլի հաղորդումների՝ 2023 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև հանրային վայրում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ վերջինս Ա. Սիմոնյանին տեսնելիս նրան անվանել է «դավաճան»։ ԱԺ նախագահը հրահանգել է իր անվտանգության աշխատակիցներին բռնել Մկրտչյանին, իսկ ինքը, մոտենալով քաղաքացուն, նվաստացրել է վերջինիս՝ հայհոյելով ու թքելով դեմքին։ Դեպքից հետո, Ա. Սիմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ոչ միայն չի զղջացել, այլև արդարացրել է իր արարքը։

Ափսոսանքով ենք արձանագրում, որ ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր անձնական օրինակով խրախուսում է պահպանել պետական կառավարման նախկին խայտառակ ավանդույթները, իր վարքագծով արդարացնում է հակահասարակական վարվեցողությունը։

Խստորեն դատապարտելով ԱԺ ղեկավարի նման պահվածը՝ պահանջում ենք Ազգային Ժողովի պատգամավորներից, և հատկապես քաղաքական մեծամասնությունից, ջանքեր գործադրել բացառելու հանրային պաշտոնյաների՝ իրավական պետության արժեքներին անհարիր, ցինիկ և անպատասխանատու վարքագիծը:

Հորդորում ենք ՀՀ Ազգային ժողովի մեծամասնությանը՝ հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով և քննության առնել տեղի ունեցածը, ինչպես նաև դիտարկել ԱԺ նախագահի պատասխանատվության ենթարկելու հարցը։

Տեղի ունեցածը նաև պետք է քննության առարկա դառնա իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես, քրեական վարույթի շրջանակներում՝ խուլիգանության հանցակազմի մասով:

Հայաստանում մեկընդմիշտ պետք է վերջ դրվի խուլիգանական մեթոդներով հարցեր լուծելու պրակտիկային, խստագույն պատասխանատվություն պետք է սահմանվի անգամ ամենասուր քննադատությանը բռնությամբ արձագանքելու համար:

ՀՀ Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իր ամենօրյա վարքով, պահվածքով, խոսքով պետք է ապացուցի, որ արժանի է լինելու իր ժողովրդի ընտրյալը:

 
Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ
«Էկոլուր» ՀԿ
«Իրավունքի ուժ» ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

 

← Վերադառնալ ցուցակին