Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Հայտարարություն ռազմական դրության պայմաններում նախատեսվող սահմանափակումների վերաբերյալ

13.01.2023

ՀՀ արդարադատության նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում, 2022թ. դեկտեմբերի 22-ից 2023թ․ հունվարի 6-ը քննարկման էր դրել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդմ՝ ռազմական դրություն հայտարարելու դեպքում նշված օրենքի խմբագրված 8-րդ հոդվածի 13-15 կետերով նախատեսվում է.

  • կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաև՝ տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում,
  • հեռուստատեսությամբ հեռարձակվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը,
  • ՀՀ տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գիտակցելով ռազմական դրության պայմաններում որոշ սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը, այդուհանդերձ, համոզմունք ենք հայտնում, որ օրինագծի վերոնշյալ դրույթներն այս տեսքով հիմնված չեն պատշաճ քննարկումների, ակնհայտ ռիսկերի գնահատման ու հնարավոր խիստ բացասական հետևանքների վերլուծության վրա, և հետևաբար ամբողջությամբ մերժելի են։

Զուտ մասնագիտական տեսանկյունից այդ դրույթներն այնքան խոցելի են և այնքան հարցեր են առաջացնում, որ դրանց մանրամասն անդրադառնալն անիմաստ ենք համարում։ Մեր խորը մտահոգությունն ենք նաև արտահայտում առ այն, որ ժողովրդավարությունը որպես ազգային բրենդ ներկայացնող երկրում իշխանությունը նման փաստաթուղթ է հրապարակել։

Կասկածից վեր է, որ հատկապես ռազմական դրության պայմաններում էլ ավելի է կարևորվում կեղծ լուրերի, ապատեղեկատվության, թշնամական քարոզչության և կիբերհարձակումների դեմ պայքարը։ Սակայն դրա հետ կապված օրենսդրական կարգավորումները պետք է լինեն ողջամիտ, առավել հստակ՝ առանց կամայականությունների հնարավորություն տվող սողանցքների։ Եթե իշխանությունները հակված են այս մոտեցմանը, ապա ուղղակի պարտավոր են հանրության դատին ներկայացնել ծագած խնդիրները, դրանց հրատապ լուծումների հիմնավորումներն ու միջոցները, որից հետո միայն հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ կառավարությունից պահանջում ենք`

  • ձեռնպահ մնալ տվյալ օրինագիծը պաշտոնապես շրջանառության մեջ դնելուց և թեմայի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ, ընդ որում՝ զրոյական կետից՝ սկսած գաղափարի վերլուծությունից,
  • ձևավորել աշխատանքային խումբ, որը կհստակեցնի առաջարկվող փոփոխությունների նպատակներն ու խնդիրները և դրա հիման վրա կմշակի նոր օրինագիծ՝ զերծ պահելով այն սուբյեկտիվ մեկնաբանությունների և կամայական գործողությունների հնարավորություն տվող ձևակերպումներից,
  • օրինագծի նոր տարբերակն ուղարկել միջազգային փորձաքննության,
  • քննարկել ռազմական դրության պայմաններում սահմանափակումներ կիրառելու որոշումներ կայացնելիս փորձագիտական շրջանակների հետ խորհրդակցելու հնարավորությունները, ինչպես նաև՝ մեխանիզմներ մշակել այդ որոշումների կատարման նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

 

← Վերադառնալ ցուցակին