Նորություններ և իրադարձություններ
Ավելի բարձր տուգանքներ՝ տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար․ փոփոխությունն ուժի մեջ է մտել
11.11.2022
2022 թվականի հոկտեմբերի 14-ին ուժի մեջ է մտել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Արդարադատության նախարարության համատեղ օրենսդրական նախաձեռնությունը՝ բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափը։
Օրենսդրական փոփոխությունը նախաձեռնել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դեռևս 2021 թվականի նոյեմբերին և հանրագրով ներկայացրել Արդարադատության նախարարությանը։
Նախագծով փոփոխվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.7-րդ հոդվածը։ Այն վարչական պատասխանատվություն` տուգանք է նախատեսում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից օրենքով նախատեսված տեղեկությունը չտրամադրելու համար։
Փոփոխությամբ ավելացել է 189.7-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափը. սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով (10-ից 50 հազար դրամ) տուգանքի փոխարեն այժմ տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար սահմանվել է 50-ից 70 հազար դրամի չափով տուգանք, իսկ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում խատումը կրկնելու դեպքում նախկին 50-ից 100 հազար դրամի փոխարեն նախատեսվել է 100-ից 150 հազար դրամի չափով տուգանք։
Ակնկալվում է, որ փոփոխությունների շնորհիվ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը համադրելի կդառնան իրավախախտման հանրային վտանգավորությանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կկազմեն միջին ամսական անվանական աշխատավարձի 17.2-ից 40%-ը (տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի ավելի բարձր աշխատավարձի համեմատ՝ ավելի քիչ), մյուս կողմից իրական կանխարգելիչ ազդեցություն կունենան տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձանց՝ տեղեկություն տրամադրելու իրենց պարտականությունը խախտելուց ձեռնպահ մնալու հարցում։