Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Հայտարարություն «Ժողովուրդ» թերթի բանկային հաշվի վրա արգելանք դնելու կապակցությամբ

01.10.2022

Սեպտեմբերի 29-ին «Ժողովուրդ» թերթի խմբագրությունը հայտարարություն է տարածել՝ ահազանգելով, որ իր բանկային հաշվի վրա արգելանք է դրվել։ Ինչպես պարզվել է, դա կապված է Սամվել Խարազյանն ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի դատական գործով կայացված վճռի կատարման հետ, համաձայն որի՝ հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար ԶԼՄ-ն պարտավորեցվել է հրապարակային ներողություն խնդրել, վճարել 150 հազար դրամ` որպես փաստաբանի վարձատրություն և 4 հազար դրամ` որպես պետական տուրք:

Նախկին պաշտոնյա Սամվել Խարազյանը դեռևս 2021թ․ սեպտեմբերի 16-ին հայց էր ներկայացրել լրատվամիջոցի դեմ, որի առիթը նույն թվականի օգոստոսի 10-ին հրապարակված «Իշխանությունը պաշտոն կտա «նախկիններից» մնացած կոռումպացված կադրերին. պրոֆեսիոնալների պակաս ունի» հոդվածն է։ Ըստ այդմ՝ «որպես առողջապահության փոխնախարար շրջանառվում է Սամվել Խարազյանի անունը, որը «նախկինների» օրոք երկար տարիներ աշխատել է կոռուպցիոն սկանդալներով հայտնի Պետական առողջապահական գործակալությունում՝ որպես բաժնի պետ, և որ ամենաուշագրավն է ․․․ անգամ հասցրել է ձերբակալվել` պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով…»։

2022թ․ ապրիլի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանն իր վճռով մերժել է հայցվորի՝ դրամական փոխհատուցման պահանջը և բավարարել միայն ոչ նյութական մասը, ինչպես նաև պարտավորեցրել է վճարել դատական ծախսերը։ Այդ վճարները ժամանակին չկատարելը պատճառ է դարձել Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից խմբագրության բանկային հաշվի վրա արգելանք դնելու համար։

Ուսումնասիրելով խնդիրը՝ մենք արձանագրում ենք, որ լրատվամիջոցը՝

  • տվյալ դատական գործում չի օգտվել փաստաբանի ծառայությունից, այսինքն՝ իր իրավունքների մասնագիտական պաշտպանության հնարավորություն չի ունեցել,
  • չի օգտագործել վճիռը բողոքարկելու հնարավորությունը՝ բաց թողնելով դրա համար նախատեսված ժամկետը,
  • ժամանակին չի վճարել վճռով սահմանված դատական ծախսերը։

Սակայն, ի տարբերություն այս ամենի, դեռ դատաքննության ընթացքում լրատվամիջոցն առաջարկել է հայցվոր կողմին հստակեցնել, թե խնդրո առարկա հոդվածի մեջ ո՛ր արտահայտություններն են արատավորող, և հերքման կամ պատասխան հրապարակման միջոցով հաշտության գալ։ Իսկ դատավճիռը ստանալուց հետո դիմել է հայցվորին՝ դատական ծախսերը մաս-մաս վճարելու խնդրանքով, քանի որ գտնվում է ֆինանսական ծանր վիճակում։ Երկու դեպքում էլ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն մերժում է ստացել։

Փաստորեն, դատարանը բավականաչափ հետամուտ չի եղել կողմերի միջև ապացույցների, հիմնավորումների բեռը բաշխելու և դրանք մանրակրկիտ քննելու գործում։ Մինչդեռ, խմբագրությունն իր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից ստացել է պաշտոնական պատասխան, ըստ որի՝ հայցվորն իսկապես քրեական հետապնդման է ենթարկվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, ինչը դադարեցվել է գումարը վերադարձնելու և արարքի համար զղջալու հիմքով։ Այս պարագայում ակնհայտ է, որ լրատվամիջոցը չի տարածել իրականությանը չհամապատասխանող որևէ տեղեկություն, հետևաբար անհիմն են դառնում հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին պատասխանատվության ենթարկելը և դրա հետ կապված բոլոր դատական որոշումները։

Այս փաստերը վկայում են այն մասին, որ թեև պատասխանող կողմի բանկային հաշվի վրա մասնակի արգելանք դնելը որպես առանձին վերցրած ակտ իրավական առումով գրեթե անխոցելի է, այդուհանդերձ ամբողջ գործընթացը միտված է ոչ այնքան անձի համաչափ իրավական պաշտպանությանը, որքան լրատվամիջոցին բոլոր հնարավոր միջոցներով պատժելուն, ինչն անընդունելի է։

Ի դեպ, սրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ երբ դատարանի վճիռը ստանալուց հետո խմբագրությունը դիմել է Քննչական կոմիտե, ստացել պաշտոնական պատասխան առ այն, որ նախկին պաշտոնյան իսկապես քրեական հետապնդման է ենթարկվել և հրապարակել այդ տեղեկությունը, Սամվել Խարազյանը նոր դատական հայց է ներկայացրել ընդդեմ լրատվամիջոցի։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք տեղեկատվական վեճում դատական մեխանիզմների միջոցով լրատվամիջոցի նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելու, նրան «պատժելու» արատավոր այս գործընթացը, մանավանդ որ այն եզակի չէ։ Նման վեճերը, եթե դրանք միտված չեն ԶԼՄ-ի բնականոն աշխատանքը խաթարելուն, ավելի արագ և արդյունավետ հնարավոր է լուծել արտադատական մեխանիզմներով։

Մենք ուշի ուշով հետևելու ենք նույն առիթով ներկայացված նոր հայցի քննության ընթացքին՝ շահագրգռված լինելով, որ պահպանվի արդարացի հավասարակշռություն մի կողմից արտահայտվելու ազատության պաշտպանության, մյուս կողմից` անձանց հեղինակության, արժանապատվության դեմ ուղղված արտահայտություններից զերծ լինելու իրավունքի միջև։

Միևնույն ժամանակ կոչ ենք անում «Ժողովուրդ օրաթերթի խմբագրություն» ՍՊԸ-ին օգտվել մրցակցային դատավարության մեխանիզմներից և հետևողականորեն պաշտպանել ազատ արտահայտման իր իրավունքը։ Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնում սատարել լրատվամիջոցին այդպիսի քայլեր ձեռնարկելու գործընթացում։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ 

← Վերադառնալ ցուցակին