Նորություններ և իրադարձություններ
ԻԱԿ հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի բավարարվել է
10.06.2022
ՀՀ վարչական դատարանը 2022 թվականի հունիսի 9-ին բավարարել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2021 թ․ նոյեմբերի 1-ին դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
Դեռևս 2021 թվականի օգոստոսի 12-ին ԻԱԿ-ը հարցում էր ուղարկել քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն Երևան քաղաքի Սիլիկյան հին խճուղու բնակելի թաղամասի անմիջական հարևանությամբ համայնքային սեփականություն հանդիսացող հողի վրա անօրինական գործող քարի արտադրամասի մասին և հստակեցնել, թե ինչու է Երևանի քաղաքապետարանը դրսևորել անգործություն․ համայնքին պատկանող հողի վրա 10 տարուց ավելի անօրինական գործունեություն ծավալող քարի արտադրամասը չի քանդել կամ կասեցրել վերջինիս գործունեությունը։
2021 թվականի օգոստոսի 19-ին Երևանի քաղաքապետարանը տրամադրել է անհիմն պատասխան՝ ըստ էության չպատասխանելով ԻԱԿ-ի բոլոր հարցերին: Նշենք, դատաքննության ընթացքում պատասխանող Երևանի քաղաքապետարանը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան կամ որևէ առարկություն։
Դատարանը Երևանի քաղաքապետարանին պարտավորեցրել է օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների պահպանմամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրել հետևյալ տեղեկությունը. ունի, արդյո՞ք, քարի արտադրամասի տնտեսվարողը (ՄԻՔԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ՍԵՐԳԵՅԻ Ա/Ձ-ն) համայնքային հողի օրինական օգտագործման կամ վարձակալության պայմանագիր քաղաքապետարանի կամ Աջափնյակի թաղապետարանի հետ, թե՞ նա պարզապես զավթել է համայնքին պատկանող հողը:
Միաժամանակ դատարանը որոշել է Երևան քաղաքապետարանից հօգուտ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի բռնագանձել 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Նշենք, որ սա ԻԱԿ-ի նախաձեռնած թվով 60-րդ դատական գործն է, որն ուղղված է տեղեկություն ստանալու խախտված սահմանադրական իրավունքի վերականգնմանը։ Մանրամասները կից՝ փաստաթղթում։