Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Լրագրողների հետ քննարկվել են իրական շահառուների թափանցիկության և աշխատանքային իրավունքի ոլորտների բարեփոխումները

04.05.2022

Մայիսի 4-ին տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերության շրջանակում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած երրորդ հանդիպումը լրագրողական համայնքի հետ։ Հանդիպման նպատակն էր բարձրացնել ԲԿԳ նախաձեռնության և դրանից բխող հանձնառությունների վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների իրազեկվածության մակարդակը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԱՆ Պետական ռեգիստրի գործակալության գլխավոր մասնագետ Հռիփսիմե Իսկանդարյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը։
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է իրական շահառուների թափանցիկության հարցը որպես ԲԿԳ հանձնառություն. ինչպես կարող են լրագրողներն օգտագործել հանրային ռեգիստրի տվյալները։ Քննարկվել են նաև աշխատանքային իրավունքի ոլորտի բարեփոխումները որպես ԲԿԳ հանձնառություն։

Բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան համակարգող, Հայաստանյան կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը։

Շուշան Դոյդոյանի խոսքով ՝ ԲԿԳ ծրագրի հանձնառություններից յուրաքանչյուրը իսկապես հավակնոտ է և առնչվում է Կառավարության տարբեր ոլորտների բարեփոխումներին․ բիզնեսի իրական շահառուների թափանցիկությունից աշխատանքային իրավունքի հիմնախնդիրներ։ Շ․ Դոյդոյանը ընդգծել է, թե ինչ ուղղություններով են ծրագրի հանձնառությունները մեր կյանքն ավելի լավը դարձնելու և հատկապես ինչ ազդեցություն են ունենալու։ ԻԱԿ նախագահը ներկայացրել է Իրական շահառուների թափանցիկության ուղղությամբ իրականացրած գործողությունները հատկապես քաղաքացիական հասարակության շրջանակից։ Շ․ Դոյդոյանը ևս մեկ անգամ կարևորել է լրատվամիջոցների դերը ծրագրի հանձնառությունների լիարժեք իրականացման և քաղաքացիներին իրազեկելու, հանրամատչելի ձևով առկա խնդիրներն ու բարեփոխումները բարձրաձայնելու հարցում։

Լիլյա Աֆիկյանը իր շնորհակալական խոսքն է հայտնել Ինֆորմացիայի ազատության կենտրոնին միջոցառման իրականացման համար և տեղեկացրել, որ սա թվով երրորդ հանդիպումն է ԲԿԳ ծրագրի շրջանակում լրատվամիջոցների հետ, որի շրջանակում քննարկում ենք ԲԿԳ նախաձեռնության այն հանձնառությունները, որոնք իսկապես լայն ազդեցություն ունեն և փոխակերպիչ են հանրության համար, պետության համար։

«Այսօր քննարկում ենք երկու կարևոր թեմա՝ իրական շահառուների բացահայտման գործընթացին և աշխատանքային իրավունքին վերաբերող հարցերը։ Աշխատանքային իրավունքի հանձնառությունը ակնկալում ենք ունենալ նոր Գործողությունների ծրագրում։ Այս անհրաժեշտությունը առաջացավ հատկապես համավարակի ժամանակ, հետևաբար մենք առաջնահերթ համարեցինք մյուս գործողությունների ծրագրում նաև ունենալ նման հանձնառություն, որը հնարավորություն կտար մյուս աշխատանքերը զարգացնելու, ձևավորելու հարցում նաև մասնակից դարձնել քաղաքացիական հասարակությանը, մասնագիտական կազմակերպություններին և իհարկե նաև լրագրողներին։ Մյուսը վերաբերում է իրական շահառուների բացահայտման գործընթացին։ 2018թ․ԲԿԳ գործողությունների ծրագրի շրջանակում ստանձնեցինք իրականացնել համապարփակ գործընթացի ինստիտուտի ներդրումներ։ Այս ինստիտուտի ներդրումը ինքնին չի կարող կայանալ միայն Կառավարության շրջանակում․ այստեղ պահանջվում է ակտիվ մասնակցություն ՔՀԿ գործընկերների կողմից, լրատվամիջոցների կողմից»,-ասել է Լ․ Աֆրիկյանը։

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնյաները ներկայացրել են իրավաբանական անձանց իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի ներդրման հանձնառության կատարման արդյունքներն, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններից՝ ԶԼՄ-ների կողմից օգտվելու հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պարտավորությունների նկարագրությանը և հանրային ռեգիստրի ներդրման նպատակին։ Լրագրողների է ներկայացվել նաև հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող ընկերությունների և դրանց համար սահմանված՝ հայտարարագիրը ներկայացնելու ժամկետներին։ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գլխավոր մասնագետի կողմից համապարփակ ներկայացվել է հայտարարագրի կառուցվածքը և դրա լրացման կարգը։

Հ. Իսկանդարյանի խոսքով՝ պարտավորությունները սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ։ Ներկայացվել են նաև նախորդ և սույն տարվա գրանցված հայտարարագրերի և հարուցված վարչական վարույթների վիճակագրությունները։
Հանդիպման երկրորդ հատվածում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը հանգամանալից ներկայացրել է Տեսչության ուսումնասիրությունները և ստացված բողոքները, որոնք հատկապես վերաբերել են աշխատողների առողջության պահպանմանը և անվտանգության ապահովմանը, աշխատանքային օրենսդրության խախտումներին, օրենքով սահմանված կարգով վերջնահաշվարկ չկատարելուն և օրենքով սահմանված ժամկետներում աշխատավարձը չվճարելուն, աշխատանքային պայմանագրերի լուծման կարգը չպահպանելուն,ինչպես նաև աշխատանքային օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների խախտումներին։

Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին։
Հանդիպման ավարտին նաև հայտարարվել է լրագրողական նյութերի մրցույթի մասին, որի հրապարակումը կարող եք տեսնել այստեղ։

Հիշեցնենք նաև, որ ԲԿԳ ծրագրի շրջանակում ԻԱԿ-ը ապրիլի 20-ին, ապրիլի 26-ին կազմակերպել էր վերապատրաստման և իրազեկման հանդիպումներ լրատվամիջոցների համար։

Հանդիպումն իրականացվում է Բաց կառավարման գործընկերության աջակցությամբ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավովող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

 


 

← Վերադառնալ ցուցակին