Նորություններ և իրադարձություններ
Ավարտվել է ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման կարողությունների զարգացման թեմայով ՏԻՄ ներկայացուցիչների համար առցանց դասընթացների շարքը
29.04.2022
Ապրիլի 19-20-ը, 21-22-ը և 27-28-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացրել է վերապատրաստումների շարք՝ Ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման կարողությունների զարգացման թեմայով ՏԻՄ ներկայացուցիչների համար։
Վերապատրաստմանը մասնակցել են Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզերի համայնքապետարանների 120 ներկայացուցիչներ։ Առցանց դասընթացը վարել են ոլորտի առաջատար մեդիա, փաստերի ստուգման և տեղակատվական անվտանգության ոլորտի փորձագետները՝ Արթուր Պապյանը, Հարություն Ծատրյանը և Դավիթ Սանդուխչյանը։
Ներկայացվել են մեդիա գրագիտության, տեղեկությունների ճշտման և փաստերի ստուգման բազմաթիվ գործիքներ։ Ներկայացվել են՝ ինչպես կարելի է իրական տեքստը տարբերել մանիպուլացիայից, հասկանալ համատեքստը, որոնողական համակարգերի միջոցով ստուգել լուսանկարներն ու տեսանյութերը, կատարել աղբյուրների ուսումնասիրություն, զննել կայքէջերը և այլ հաշիվներ։ Հանգամանալից ներկայացվել է նաև ցանցային, սարքավորումների և անձնական (օգտատիրոջ) հատվածի անվտանգության ապահովման միջոցները և մեխանիզմները, ինչպես նաև, թե որոնք են գաղտանգրման կամ նյութական կրիչների պահպանության ապահովման լավագույն միջոցները։
Մասնակիցներին է ներկայացվել նաև, թե ինչպես պետք է աշխատել բաց տվյալների հետ, ինչպես կարելի է որոնողական համակարգերի միջոցով կատարել աղբյուրների ուսումնասիրություն։
ԻԱԿ-ը մշտապես հետևողական է լինելու ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման կարողությունների զարգացմանը և պարբերաբար կազմակերպելու է նմանատիպ վերապատարստումներ ինչպես ՏԻՄ, այնպես էլ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների համար։
Դասընթացն իրականացվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) հետ համատեղ իրականացվող «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, աջակցությամբ։