Նորություններ և իրադարձություններ
Տեղի է ունեցել ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման կարողությունների զարգացման երկօրյա դասընթացը
22.04.2022
Ապրիլի 19-20-ը, 21-22-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր վերապատրաստման առցանց դասընթաց Ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման կարողությունների զարգացման թեմայով։ Դասընթացը կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հանրային լրագրության ակումբի հետ համագործակցությամբ։
Ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման կարողությունների զարգացման դասընթացի առաջին օրը բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ԱՄՆ դեսպանության ծրագրի համակարգող Անդրանիկ Մանուկյանը։
Վերապատրաստման շրջանակում քննարկվել են լրատվամիջոցների մեդիա գրագիտության, տեղեկությունների ճշտման և փաստերի ստուգման մասին մի շարք հարցեր։
ՏՏ և մեդիա փորձագետ Արթուր Պապյանը ներկայացրել է,թե ինչպես կարելի է իրական տեքստը տարբերել մանիպուլացիայից, հասկանալ համատեքստը, որոնողական համակարգերի միջոցով ստուգել լուսանկարներն ու տեսանյութերը, կատարել աղբյուրների ուսումնասիրություն, զննել կայքէջերը և այլ հաշիվներ։
Դասընթացի երկրորդ փուլում, 5 տասնյակից ավելի ՏԻՄ ներկայացուցիչներ Գեղարքունքի և Արագածոտնի մարզերի համայքներից շարունակել են ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման կարողությունների զարգացման առցանց դասընթացը և քննարկել ոլորտին առնչվող մի շարք հարցեր։
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Դավիթ Սանդուխչյանը ներկայացրել է ցանցային, սարքավորումների և անձնական (օգտատիրոջ) հատվածի անվտանգության ապահովման միջոցները և մեխանիզմները, ինչպես նաև, թե որոնք են գաղտանգրման կամ նյութական կրիչների պահպանության ապահովման լավագույն միջոցները։
Հանդիպման երկրորդ մասում, մեդիա հետազոտող, փաստերի ստուգման փորձագետ Հարություն Ծատրյանը մասնակիցներին է ներկայացրել, թե ինչպես պետք է աշխատել բաց տվյալների հետ, ինչպես կարելի է որոնողական համակարգերի միջոցով կատարել աղբյուրների ուսումնասիրություն։
Տեղեկացնենք, որ դասընթացը լինելու է շարունակական, առաջիկայում դասընթացին մասնակցելու հնարավորություն կունենանն նաև Լոռու և Տավուշի մարզերի համայքների ՏԻՄ ներկայացուցիչները։
Դասընթացն իրականացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) հետ համատեղ իրականացվող «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, աջակցությամբ։