Նորություններ և իրադարձություններ
Նոր հաղորդաշար ԻՇ թափանցիկության վերաբերյալ
22.03.2022
Հայաստանում աստիճանաբար ուժի մեջ են մտնում իրական շահառուների բացահայտման կարգավորումները սահմանող օենքների դրույթները, որոնք ավելի ու ավելի շատ մարդկանց ու ընկերությունների են սկսելու վերաբերել։ Այս կարգավորումները սահմանում են, որ ընկերությունները, կազմակերպությունները պետք է բացահայտեն՝ ովքեր են իրենց կազմակերպությունների իրական շահառուները։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ և Factor TV-ի հետ համատեղ սկսում են «Բաց կառավարում» խորագրով հարցազրույցների շարք իրական շահառուների թափանցիկության վերաբերյալ իրազեկումը բարձրացնելու նպատակով։
Հաղորդաշարի առաջին հարցազրույցի հյուրն է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։ Տեսագրությունը՝ այստեղ։
— Տիկին Դոյդոյան, նախ օրենքների փաթեթի ընդգրկման մասին խոսենք, որովհետև հիմա կարգավորումների ընդգրկումն ավելի շատ է, քան սկզբում էր։ Եթե նախկինում դա վերաբերում էր հանքարդյունաբերողներին, ապա աստիճանաբար այն ներառում է բոլոր ոլորտները։ Ստացվում է, որ բոլորն, ովքեր ձեռնարկատիրությամբ են զբաղվում կամ որևէ կազմակերպություն են ղեկավարում, պետք է ընդգրկվեն համակարգում։ Ինչպե՞ս է դա լինելու։ Եվ, առհասարակ, ի՞նչ վտանգներ կան այս ոլորտում, որոնք կարևոր են դարձնում այս նախաձեռնությունը։
— Իրական շահառուների թափանցիկությունը ընդհանրապես նոր երևույթ է ամբողջ աշխարհում, նաև՝ Հայաստանում։ Պետությունները տարբեր կարգավորումներ ընդունելու միջոցով, տարբեր մեխանիզմներ ստեղծելու միջոցով փորձ են անում բիզնեսը դարձնել թափանցիկ եւ հաշվետու հասարակության առջև։ Սրա գերագույն նպատակներից մեկն այն է, որ կանխարգելվեն, օրինակ, փողերի լվացման ոլորտում հանցագործությունները, կամ տարբեր բիզնես կապերը չօգտագործվեն անօրինական գործարքներ իրականացնելու համար, կամ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ու քաղաքական հայտնի դեմքերը չներգրավվեն ուղղակի բիզնեսի կառավարման մարմիններում և վերահսկողություն չիրականացնեն բիզնեսի գործունեության ընթացքում։ Ընդհանրապես կոռուպցիոն մեծ բացահայտումների, հանցագործությունների վիճակագրության մեջ 70 տոկոս և ավելի դեպքերում ներգրավված են եղել հենց «անանուն» ընկերություններ, որտեղ ուղղակի հայտնի չեն եղել իրական շահառուները կամ իրական սեփականատերերը։
— Դուք պաշտոնյաների օրինակն ասացիք։ Կխնդրեմ ավելի բացենք․ ի՞նչ է նշանակում այն, երբ պաշտոնյան ընկերության հետ կապ ունի, և ինչպե՞ս է սա բացահայտվում։
— Տեսեք, լինում են դեպքեր, երբ ուղղակի հիմնադրման փաստաթղթերում որևէ կերպ չի նշվում, որ այս կամ այն քաղաքական գործիչը, պաշտոնյան ազդեցություններ ունի տվյալ բիզնեսում, որոշումների կայացման գործընթացում։ Ասում են՝ թղթերով ամեն ինչ նորմալ է․ բարեկամի, հարազատի կամ վարորդի անունով է ձևակերպված բիզնեսը, բայց փաստացի դրա իրական շահառուն, այսինքն վերջնական օգուտ ստացողը այս կամ այն պաշտոնյան է։ Բոլորը գիտեն այդ մասին, խոսում են, բայց փաստաթղթային մակարդակում որևէ բան հնարավոր չէ իմանալ։ Եվ ահա՝ այս գործընթացը գալիս է օգնելու, նպաստելու, որ այս թաքնված օգուտները, շահեր ունեցող քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները, հանրային կառավարման ոլորտում ներգրավված անձինք բացահայտվեն, որ կարողանանք այդ մասին փաստական տվյալներ ունենալ և բացահայտել։
— Կարո՞ղ են ընկերությունները խուսափել այս կարգավորումից, եթե չեն ցանկանում բացահայտել իրական շահառուներին։ Որքանո՞վ է արդարացված ստիպել նրանց բացահայտել իրենց գաղտնիքները։
— Այո, արդարացված է, որովհետև տվյալ դեպքում պետք է հասկանանք՝ որն է օգուտը։ Այո, կա նաև որոշակի հակազդեցություն, ցանկության բացակայություն բիզնեսի կողմից։ Միայն Հայաստանի մասին չենք խոսում, այլ նաև պրոցեսի մասին՝ ամբողջ աշխարհում։ Բայց դրանից եկող օգուտը՝ և՛ պետությանը, և՛ գլոբալ առումով, շատ ավելի մեծ և ազդեցիկ է։ Նույն կերպ նաև մեծ է օգուտը, որ կարող է ստանալ բիզնեսը, օրինակ, ներդրումների տեսքով։ Որովհետև որևէ ներդրող չի ցանկանում գործ ունենալ գաղտնի, ծածուկ գործարքներ անող ընկերությունների հետ։ Որևէ ներդրող չի ցանկանում գումարներ ներդնել այնպիսի ընկերությունում, որը կարող է ներգրավված լինել, օրինակ, փողերի լվացման կամ այլ կոռուպցիոն գործարքներում։ Եվ նախաձեռնությամբ հիմնավորումը տվող առաջին հանգամանքներից մեկն այն է, թե որքան է ընկերությունը պատասխանատու և բաց՝ իր իրական շահառուների տվյալների հրապարակման հարցում։
— Տվյալների ամբողջական հատվածը տրվում է պետությանը, և դրա որոշ մասն է բացահայտվում։ Ո՞րն է այդ որոշ մասը։ Եվ լրագրողները, ՀԿ-ները ի՞նչ կարող են բացահայտել այնտեղից։
— Չի հրապարակվում միայն այն հատվածը, որն անձնական տվյալ է։ Բայց բավականին լայն ծավալով տվյալներ հանրայնացվելու են, և լրատվամիջոցները, քաղհասարակության խմբերը, նաև քաղաքացիները կարող են հանրային բաց ռեգիտստրի e-register.am կայքում իրենց հետաքրքրած ընկերության իրական շահառուների մասին տվյալները փորձել ստանալ։ Միայն այս ռեգիստրում առկա տվյալներն իրենք իրենցով կարող են սահմանափակ թվալ, բայց երբ մենք դա կարողանում ենք համադրել այլ հանրային ռեգիստրներում առկա տվյալների հետ, այդ մոզաիկան հավաքել, արդյունքները բավական տպավորիչ կարող են լինել՝ ավելի մեծ շղթաներ, ավելի վտանգավոր մասնակցություններ, հանցագործություների մասին բացահայտումներ կարող են արվել։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարցազրույցը FACTOR TV -ի կայքում։