Նորություններ և իրադարձություններ
Մասնագիտություն, որ փոխում է աշխարհը
03.04.2021
«Հակամարտությունների լուսաբանում և լրագրողների անվտանգություն» խորագրով առցանց հանդիպումների շարքի վերջին հանդիպումը նախատեսված էր գործող լրագրողների համար։ Հանդիպմանը որպես բանախոս մասնակցում էին վավերագրող և լուսանկարիչ Վուդի Քսիմշիտին Մեծ Բրիտանիայից, նորզելանդացի ռազմական լրագրող Թոմաս Մաթչը և ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։
Վուդի Քսիմշիտին իր ելույթի ընթացքում մանրամասն ներկայացրեց հակամարտությունների գոտում աշխատելու առանձնահատկությունները, անհրաժեշտ նախապատրաստական գործընթացները, հոգեկան և ֆիզիկական անվտանգության երաշխիքները։
Հանդիպման մյուս բանախոսը՝ Թոմաս Մաթչը, պատերազմական իրավիճակում աշխատելու հիմնական կանոններին ծանոթացրեց սեփական հաջողությունների ու անհաջողությունների օրինակով։ Ռազմական լրագրողը պատմեց կոնկրետ մի քանի պատմություն, այդ թվում նաև Արցախյան վերջին պատերազմից, ապա, վերլուծելով իր քայլերը, լրագրողներին ներկայացրեց ճիշտ և սխալ վարքագծի դրսևորումներն ու դրանց հնարավոր ազդեցությունները։
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանն իր ելույթում անդրադարձավ հակամարտությունների ժամանակ անձնական տվյալների մշակման և պաշտպանության իրավական հիմքերին, Արցախյան պատերազմի օրինակներով ներկայացրեց լրագրողների կողմից անձնական տվյալների մշակման սկզբունքների խախտման դրսևորումները, խոսեց դրանց հնարավոր հետևանքների մասին։ Շուշան Դոյդոյանը անդրադարձավ նաև լրագրողների անձնական տվյալների պաշպանության կարևորության հարցին՝ ներկայացնելով դրանց պաշտպանությամբ զբաղվող տեղական և միջազգային կառույցները։
Բանախոսները պատասխանեցին նաև ուսանողների հարցերին։ Միջազգային հյուրերը նշեցին, որ պատերազմի շրջանում Հայաստանում և Արցախում իրենց մասնագիտական գործունեությունը սահմանափակող խնդիրներ հիմնականում չեն եղել։ Միաժամանակ հյուրերն արձանագրեցին, որ այսօր արդեն Արցախ գնալը և տեղում աշխատելը լրագրողների համար անհամեմատ ավելի բարդ գործընթաց է դարձել, իսկ վերջին շրջանում եղել են դեպքեր, երբ լրագրողներին առանց լուրջ հիմնավորման արգելել են մուտք գործել հակամարտության գոտի լուսաբանման նպատակով։
Հիշեցնենք, որ 4 տարբեր հանդիպումներից բաղկացած շարքը կազմակերպել էին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը «Մեդիա մենթորություն Հայաստանում» ծրագրի շրջանակում, «Միջազգային մեդիա աջակցություն» կազմակերպության ֆինանսավորմամբ։
«Այս նախաձեռնությունը պիտի շարունակություն ունենա, մեր ուսանողները պետք է հնարավորություն ունենան նաև լսարանային պայմաններում հանդիպեն այսպիսի պրոֆեսիոնալների, մարդկանց, ովքեր մասնագիտական ոլորտում կարևոր փորձառություն ունեն և կարող են փոխանցել իրենց ներկա և ապագա գործընկերներին նշեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ մարտիրոսյանը վստահեցնելով, որ այսօրինակ հանդիպումները ոչ ֆորմալ կրթության այն ձևաչափն է, որը պետք է համադրվի ֆորմալ կրթության ու ձևավորի ապագա լրագրողին։
Հանդիպման տեսագրությունը՝ այստեղ։