Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Անցկացվեց «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» առցանց աշխատաժողովի առաջին փուլը

16.02.2021

Փետրվարի 15-ին մեկնարկեց «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» առցանց աշխատաժողովը, որը նախատեսված է պետական կառավարման մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների աշխատակիցների համար։

Երկօրյա աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման ավելի քան 30 մարմինների 70 ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը․ «Տեղեկատվության ազատության, հավաստիության և առավելագույն հասանելիության հարցում մենք ամենաշահագրգռվածն ենք, հետևապես պետք է ամեն ինչ անենք որ այս ոլորտը առնվազն անխնդիր և արդյուանավետ զարգացման ճանապարհով շարժվի։ Մեր մասով այդ ջանքերը, կարծում եմ, ակնհայտ են, իսկ առկա թերություններ հնարավորինս պետք է շտկենք, այդ թվում նաև ձեր օգնությամբ»,- նշեց Տիգրան Ավինյանը։

Աշխատաժողվի հիմնական բանախոսը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն է։ Միջոցառմանը որպես հրավիրված բանախոս մասնակցում էին նաև «Մենեջմենթ Սիսթեմզ Ինթերնեշնլ» (ՄՍԻ) կազմակերպության Թվայնացման հարցերով թիմի ղեկավար Սուրեն Քրմոյանը և ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։

Միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Մենեջմենթ Սիսթեմզ Ինթերնեշնլ» (ՄՍԻ) կազմակերպության կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ։ Երկու փուլով անցկացվող աշխատաժողովին ընդհանուր առմամբ մասնակցելու են ՀՀ պետական կառավարման 57 մարմինների ավելի քան 110 ներկայացուցիչ։ Երկրորդ խմբի հետ աշխատանքները նախատեսվում է սկսել փետրվարի 18-ին։

Աշխատաժողովին ընդառաջ մշակվել և ոլորտի մասնագետներին է փոխանցվել «Տեղեկատվության ազատություն» խորագրով ուղեցույցը (ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ)՝ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, մասնա¬վորապես, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների աշխա¬տակիցների և ՏԱ պատասխանատուների համար:

Առցանց աշխատաժողովի և ուղեցույցի նպատակն է օգնել վերջիններիս իրենց գործունեությունը հա¬մապատասխանեցնել տեղեկատվության ազատության ազգային և միջազգային չափանիշներին, ինչպես նաև ձևավորել ոլորտում առաջավոր ու դրական պրակ¬տիկա:

Աշխատաժողովը ոլորտային գիտելիքը հարստացնելուց բացի մասնակիցների համար փորձի փոխանակման, ոլորտում առկա խնդիրների քննարկման լավ հնարավորություն էր։ Իրենց ամենօրյա աշխատանքում տեղեկատվության ազատության օրենսդրությունը կիրառող պաշտոնյաներն ու մասնագետները քննարկեցին տեղեկություն ստանալու իրավունքի իրացմանն առնչվող տեխնիկական ու բովանդակային խնդիրները, դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը։ Մասնակիցները, կարևորելով ոլորտում գործարկվող մեխանիզմների նույնականացման խնդիրը, առաջարկեցին քննարկվող հարցերից մի քանիսը դարձնել առանձին աշխատանքային քննարկումների թեմա՝ ներգրավելով նաև ոլորտի այլ փորձագետների և պատասխանատու կառույցների ներկայացուցիչների։

← Վերադառնալ ցուցակին