Նորություններ և իրադարձություններ
Քաղաքացիներն առցանց մասնակցում են երկրի կառավարմանը
30.11.2020
Հայաստանում վերջերս գործարկվել է change.org հարթակի հայկական տարբերակը՝ e-petition.am-ը։ Մասնակցային կառավարման այս էլեկտրոնային գործիքի միջոցով քաղաքացիները կարող են ուղղակիորեն մասնակցել մեր երկրում որոշումների կայացման գործընթացին։
Այն հնարավորություն է տալիս, առանց ավելորդ քաշքշուկների, րոպեների ընթացքում ձևավորել անհատական և կոլեկտիվ հանրագրեր: Դրանց միջոցով քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել։
Հանրագրի ներկայացման պահից դրանում բարձրացված խնդիրները քննարկում և դրանց պաշտոնապես արձագանքում են պատկան մարմինները։ Հարթակում արդեն ներկայացված է 10 հանրագիր։ Դրանցից մեկն օրինակ, առաջարկում է արգելել հրագործական արտադրանքի վաճառքը։ Ի պատասխան հանրագրի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ իրականացրել է այս ոլորտում իրավական դաշտի բացերի և միջազգային իրավունքի վերլուծություն և նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ ոլորտին առնչվող շուրջ տասը իրավական ակտում։
Հանրագրերի մյուս մասը, խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովների գործունեության բարելավում, վերասարքավորված խլացուցիչներով մեքենա շահագործելու համար տուգանքները ավելացում և այլն, դեռևս քննարկման փուլում են։ Քաղաքացիները կարող են ոչ միայն հետևել դրանցից յուրաքանչյուրի ընթացքին, այլև արտահայտել դրանց մասին իրենց կարծիքն ու դիրքորոշումը։