Նորություններ և իրադարձություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.07.2020
2020 թ․ հուլիսի 3-ին ոստիկաններն այցելել են «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ՝ նպատակ ունենալով վարչական վարույթ հարուցել հեռուստաեթերում դիմակ չկրելու համար։
Նույնիսկ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետ կապված արտակարգ դրության պահանջները՝ տեղի ունեցածը դիտարկում ենք որպես իրավապահ մարմնի կողմից լիազորությունների չարաշահում։ Հասարակության մեջ առկա քաղաքական և հոգեբանական լարվածության պայմաններում իշխանությունները պետք է առավել մեծ նրբանկատություն ցուցաբերեն և խուսափեն անհարկի խիստ քայլեր ձեռնարկելուց։ Համոզված ենք, որ եթերում դիմակ կրելու կամ չկրելու հարցը հնարավոր է լուծել այլ ճանապարհով՝ քննարկումների, պարզաբանումների և փոխհամաձայնությունների միջոցով։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ՀՀ կառավարությունից և պարետատնից պահանջում ենք.
- չօգտագործել ուժային կառույցները նրանց ոչ բնորոշ գործողություններում և բացառել նրանց միջամտությունը լրատվամիջոցների գործունեությանը,
- հաշվի առնելով լրատվական, հատկապես հեռուստատեսային գործունեության առանձնահատկությունները՝ վերանայել և հստակեցնել համաճարակի հետ կապված՝ ԶԼՄ-ներին վերաբերող աշխատանքային պայմանների սահմանափակումները:
Մենք նաև հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ Պարետատան որոշումների հնարավոր խախտումներից՝ գիտակցելով սեփական պատասխանատվությունը համաքաղաքացիների, այդ թվում՝ իրենց իսկ աշխատակիցների առողջության համար։
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ