Նորություններ և իրադարձություններ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահին
27.09.2019
Սեպտեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանին ու Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնության համակարգող Մանե Մադոյանին:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ թափանցիկությունը և հաշվետվողականությունը հանդիսանում են կառավարության հիմնական ուղենիշները: Նա կարևորել է քաղաքացիական հասարակության շարունակական աշխատանքը Հայաստանում տեղեկատվության ազատության իրավունքը պաշտպանելու և համապատասխան մշակույթ ձևավորելու, ինչպես նաև ոլորտի օրենսդրության մշակմանն աջակցելու հարցում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շուշան Դոյդոյանը խորհրդանշական է համարել այն, որ հանդիպումը տեղի է ունենում Տեղեկատվության ազատության միջազգային օրվա նախօրեին և կարևորել քաղաքական ղեկավարության բարձր մակարդակում սույն հարցի նկատմամբ ուշադրությունը: Նրա խոսքով հանդիպման խթաններից մեկը հանդիսացավ սեպտեմբերի 5-ին փոխվարչապետի տրված հանձնարարարությունը պետական մարմիններին՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթները պահպանելու մասին:
Շուշան Դոյդոյանն ընդգծել է, որ, համաձայն իրենց կատարած վերլուծության, 2019թ.-ին 2018թ.-ի համեմատ զգալի առաջընթաց է գրանցվել տեղեկատվության ազատության ապահովման հարցում: Միաժամանակ, դաշտում դեռևս առկա են մի շարք խնդիրներ և մարտահրավերներ: Նա ներկայացրել է հետազոտությունների արդյունքում հանրային կառավարման համակարգ-քաղաքացի փոխհարաբերություններում արձանագրված բացերը և առաջարկություններ ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ: Այս ամենի առումով Տիգրան Ավինյանն նշել է, որ վերջերս մեկնարկել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացը, որը նպատակ ունի ամբողջությամբ վերանայելու կառավարման համակարգը, և որի շրջանակներում, ի շարս այլ հարցերի, կապահովվեն պետական համակարգի թափանցիկությունը, հաշվետվողականությունը և բարեվարքությունը:
Փոխվարչապետն կարծիք է հայտնել, որ քաղաքացիական հասարակության կողմից առաջարկվող շատ դրույթներ իրենց տեղը կգտնեն հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մեջ և առաջարկել զրուցակիցներին ակտիվորեն ընդգրկվել այս գործընթացում։
Բացի այդ, զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել, համաձայն որի՝ հանդիպմանը ներկա կազմակերպությունները շարունակական մշտադիտարկման կենթարկեն տեղեկատվության ազատության իրավունքի հետ կապված իրավիճակը և արդյունքները կներկայացնեն կառավարության ուշադրությանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ