Նորություններ և իրադարձություններ
Տեղեկատվության ազատության միջազգային օր. մամուլի հաղորդագրություն
26.09.2019
Սեպտեմբերի 28-ը Տեղեկատվության ազատության միջազգային օրն է։ Այս կապակցությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփում է Հայաստանում 2018 թվականի մայիսից մինչ օրս տեղեկատվության ազատության ոլորտում առկա առաջնային խնդիրներն ու հրատապ անելիքները և Կառավարության ու քաղ. հասարակության ուշադրությունը հրավիրում դրանց վրա։
Տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանելու պրակտիկան.
- Ժամկետներ- Տեղեկություն ստանալու հարցումների 15 տոկոսին տրվել է ժամկետանց պատասխան՝ խախտելով ՏԱ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը։ Մյուս կողմից, սակայն, համեմատելով 2017թ.-ի տվյալների հետ, հարկ է նշել, որ այս ցուցանիշը նվազել է՝ նախկին 30 տոկոսի փոխարեն կազմելով ընդամենը 15 տոկոս։ ԻԱԿ-ի ամենօրյա դիտարկումները հավաստում են, որ հաճախ է չարաշահվում 30-օրյա ժամկետում պատասխանելու լիազորությունը՝ լրացուցիչ աշխատանքի պատրվակով։ Այս հանգամանքը պայմանավորված է ոչ թե տեղեկությունը թաքցնելու միտումով, այլև հիմնականում վարչարարության որակի և ներքին կոորդինացիայի պակասի հետևանքով։ Նշենք, որ ժամկետների դրական դինամիկայի վրա մեծ ազդեցություն են ունեցել կառավարության գործարկած էլեկտրոնային գործիքները, որոնք էականորեն կրճատում են ժամանակի և տեխնիկական ռեսուրսների ծախսը՝ բարձրացնելով քաղաքացի-պետություն հաղորդակցության արդյունավետությունը։
- Պատասխանների բովանդակությունը - 2018թ. և 2019թ. (սեպտեմբերի 26-ի դրությամբ)՝ լիարժեք ժամանակին պատասխանների ցուցանիշը եղել է համապատասխանաբար 56% և 63%՝ հստակ արձանագրելով դրական դինամիկա 2017թ.-ի 34 տոկոսի համեմատությամբ։ Թեև հետհեղափոխական ժամանակաշրջանի սկզբնական փուլում աճել էր թերի պատասխանների ցուցանիշը, սակայն աստիճանաբար 2019-ի ընթացքում այս խնդիրը տեղի տվեց։ 2017թ. 23 տոկոս թերի պատասխանների համեմատ՝ 2019 թվականին արդեն թերի պատասխանների ցուցանիշը կազմել է 13 տոկոս։ Անհիմն պատասխանների համամասնությունը մնացել է նույնը` 2%: Կառավարությունը պետք է լուրջ ջանքեր գործադրի տեղեկություն ստանալու բոլոր հարցումներին լիարժեք և հավաստի պատասխաններ տրամադրելու ուղղությամբ։
- Լուռ մերժումներ կամ անպատասխան հարցումներ - Մեծ դրական զարգացում է արձանագրվել լուռ մերժումների պարագայում։ 2017թ.-ին այդ ցուցանիշը 11 տոկոս էր, 2018-ին՝ 1 տոկոս և 2019-ին՝ 3 տոկոս։ ԻԱԿ-ը պահանջում է, որ որևէ հարցում չպետք է մնա անպատասխան, որքան էլ այն պարունակի զգայուն, խոցելի հարցադրումներ, առավել ևս, լուռ մերժումը չպետք է պայմանավորված լինի դիմողի անձով։
- Անհիմն և հիմնավոր մերժումներ - Ակնհայտ է լուռ մերժումների ծավալի կտրուկ անկումը, սակայն նաև դրանով պայմանավորված աճել է անհիմն մերժումների ցուցանիշը՝ 2017թ.-ի 0 տոկոսի փոխարեն կազմելով 3 տոկոս 2019թ.ին։ Փաստորեն՝ լուռ մերժումների թվի կրճատումը հանգեցրել է անհիմն մերժումների թվի աճի։ Որոշ դեպքերում սա վկայում է այն մասին, որ եթե նախկինում որոշ պաշտոնյաներ խուսափում էին տրամադրել տեղեկություններ և անպատասխան էին թողնում տեղեկություն ստանալու հարցումները, ապա ներկայում խնդրահարույց տեղեկատվություն պահանջող հարցումը մերժում են, սակայն՝ ոչ հիմնավոր։ 1 տոկոսով աճել են նաև օրինական մերժումները, ինչը նույնպես դրական զարգացում է։
- Էլեկտրոնային կառավարումը էապես խթանում է Տեղեկատվության ազատությունը - Թեպետ ՀՀ Կառավարությունը գործարկել է Էլեկտրոնային հարցումների միասնական e-request հարթակը, սակայն գործիքի մոնիթորինգն ու ամենօրյա կիրառումը ցույց է տալիս, որ այն դեռևս լիարժեք չի օգտագործվում: Թեպետ Կառավարությունը որդեգրել է էլեկտրոնային, նույնիսկ առանց ստորագրության հարցումների ընդունման և քննարկման քաղաքականություն, սակայն ՀՀ ԱԺ-ն, մի շարք ՏԻՄ-եր իրենց պաշտոնական կայքերում հարթակին հղում անելիս կոչ են անում դիմել գրավոր կամ բացառապես էլեկտրոնային ստորագրությամբ: Այս պրակտիկան հակասում է ՀՀ Կառավարության որդեգրած քաղաքականությանը և խոչընդոտում ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման զարգացմանը:
- Պրոակտիվ հրապարակայնություն: ԻԱԿ դիտարկումները ցույց են տալիս, որ ՏԱ օրենքով նախատեսված պրոակտիվ հրապարակայնության կանոնները ոչ բոլոր պետական մարմիններն են պատշաճ կատարում, պահանջվող տեղեկությունները պաշտոնական կայքերում տեղադրելու տեխնիկական և բովանդակային համընդհանուր չափորոշիչները չեն պահպանվում։ Արդյունքում պետական կառավարաման մարմիններից յուրաքանչյուրը պրոակտիվ հրապարակայնությունն իրականացնում է՝ ըստ ՏԱ պատասխանատուի պատկերացումների և կայքի տեխնիկական հնարավորության։ Սպառողն այս դեպքում ստանում է իրարից խիստ տարբեր տեղեկատվական ռեսուրսներ, ինչը տեղեկություն ստանալու իրավունքի իրացումը դարձնում է դժվար, երբեմն նույնիսկ՝ անհնար։