Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքում բարեփոխումների հնարավորությունները․ աշխատանքային քննարկում

12.07.2019

Արդարադատության նախարարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բարեփոխման հնարավորությունները թեմայով աշխատանքային քննարկում: ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի և արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի հետ ԶԼՄ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են օրենքի բարեփոխմանն ուղղված փոփոխությունների նախագիծը։

Քննարկման հիմնական հարցերն էին e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի օգտագործման ժամանակ ի հայտ եկող խնդիրները և դրա համատեքստում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը։

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը պատրաստակամություն հայտնեց հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ համագործակցության, նշելով, որ տեղեկատվության ազատության ապահովումը պետական մարմինների պարտավորություններից են։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ նախատեսվող ամենաառանցքային փոփոխությունը տեղեկություն ստանալու հարցման վավերապայմաններից ստորագրության անհրաժեշտությունը հանելն է։

Ըստ տկն. Դոյդոյանի՝ ստորագրության առկայությունը հարցումներում որևէ կերպ չի օգնում դրա հեղինակի ինքնությունը պարզել։ «Պետական մարմինները չունեն մեխանիզմ ստուգելու՝ ստորագրությունը հարցումն ուղարկողինն է, թե ոչ»,- նշեց Շուշան Դոյդոյանը և հավելեց, որ ստորագրության պահանջը դժվարություններ է առաջացնում հատկապես e-request հարթակի օգտագործման ընթացքում։

«Ժողովրդավարության ու իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Արման Խաչատրյանը, ներկայացնելով հարթակում իրականացրած մշտադիտարկման արդյունքները, նշեց, որ ստորագրության պահանջի առկայությունը երբեմն պատճառ է դառնում, որ քաղաքացիները չօգտվեն կայքից։ Ըստ նրա՝ հարթակում առկա խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթի են, և օրենսդրական փոփոխություններով հնարավոր կլինի լուծել դրանք։

 

← Վերադառնալ ցուցակին