Նորություններ և իրադարձություններ
Մեկնարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկումների շարքը
10.07.2019
ՀՀ արդարադատության նախարարության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» Կառավարության որոշման նախագծի առաջին հանրային քննարկումը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը կարևորել է Արդարադատության նախարարության՝ նախգիծը հանրային բաց ձևաչոփով քննարկելու պատրաստակամությունը։ «Նման քննարկումներն ամենաարդյունավետ մեխանիզմներից են ապահովեելու հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի վերջնական փաստաթղթի մշակման գործում քաղհասարակության արդյունավետ մասնակցությունը, հատկապես, որ առաջիկայում նախատեսվում է մրցույթ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում ներգրավվելու համար»։
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, ներկայացնելով ռազմավարության երեք հիմնասյուները՝ հակակոռուպցիոն կրթությունը, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի ձևավորումը և կոռուպցիայի կանխարգելումը, նշել է, որ դրանց շրջանակում են դիտարկվելու կոռուպցիայի դեմ պայքարի ամենատարբեր ուղղությունները: Ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման ենթատեքստում փոխնախարարը ներկայացրել է կոռուպցիոն հանցագործությունների քննության և այդ գործերով օպերատիվ հետախուզական միջոցառումների նախաքննություն իրականացնող մեկ միասնական մարմնի ստեղծման գործընթացը:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի իրավասություն ունեցող մարմինների տարանջատված մոդելի ընտրությանը՝ պարոն Խաչիկյանը նշել է, որ քաղաքականություն մշակող մարմնի համոզմամբ չեն կարող մեկտեղվել բնույթով երկու տարբեր գործառույթներ, այն է՝ հայտարարագրերի ընդունման գործընթացը և կոռուպցիոն գործերով նախաքննության իրականացումը. այդ և մի շարք այլ հիմնավորումներով ընտրվել է տարանջատված մոդելի կիրառումը:
Ներկա հասարակական կազմակերպությունները բազմաթիվ հարցադրումներ ուղեցին արդարադատության փոխնախարարին։ Վերջինս հավաստիացրեց, որ դրանք անպայման կքննարկվեն եւ հնարավորինս հաշվի կառնվեն վերջնական նախագծում։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել գործընկեր հասարակական կազմակերպություններին ակտիվ մասնակցության համար՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարությունը կարևորում է շահագրգիռ հասարակության ներգրավվածությունը նման հիմնարար փաստաթղթի մշակման գործում: