Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Հայտարարություն

01.07.2019

2019թ. հունիսի 28-ին ՀՀ կառավարության e-draft.am կայքում քննարկման է դրվել «Զանգվածային լրատվության մասին» և ՀՀ երկու այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, որով նախատեսվում է ներմուծել ԶԼՄ-ների հաշվառման ընթացակարգ։ Այս նախաձեռնությունը հետադիմական մոտեցումներ ունի և հակասում է լրատվական դաշտը կարգավորող օրենքների բարեփոխման հայեցակարգային սկզբունքներին:

Դեռևս 2000-ականների սկզբին լրագրողական հանրությունից մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի իրավահարաբերությունների պրակտիկայից դուրս բերվի լրատվամիջոցների գրանցման ինստիտուտը, քանզի այն սահմանափակում էր ազատ արտահայտվելու իրավունքը և իշխանության ձեռքում ծառայում էր որպես ԶԼՄ-ների նկատմամբ խտրականություն դրսևորելու գործիք: Անցած տարիներն ապացուցել են 2003թ. ընդունված օրենքի առաջադեմ լինելը, ինչպես նաև այն, որ ոլորտի զարգացման համար լրատվամիջոցների գրանցման կամ հաշվառման անհրաժեշտություն չկա։ Ավելին՝ գրանցման ինստիտուտից հրաժարվելը հայաստանյան ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենսդրության ուժեղ կողմերից մեկն են համարում նաև միջազգային կառույցները, և հաշվառման ընթացակարգի կիրառումը անկասկած կգնահատվի որպես հետընթաց։

Առաջարկվող օրինագծերի փաթեթն անընդունելի է նաև այն պատճառով, որ մասնագիտական շրջանակներում քննարկումներ են ընթանում ԶԼՄ հասկացությունը ժամանակակից իրողություններին համապատասխանեցնելու, դրանից բխող իրավահարաբերությունները հստակեցնելու և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու նպատակով: Այս գործընթացի համատեքստից ոլորտի կարգավորման շատ մասնավոր մի խնդրի առանձնացումը խիստ անարդյունավետ և խոչընդոտներ առաջացնող քայլ է:

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում նախագծերը հեղինակած Արդարադատության նախարարության հավաստիացումներն առ այն, որ հաշվառման նպատակը Պետռեգիստրի տվյալների բազան ԶԼՄ-ների համար անվճար դարձնելն է, իսկ e-draft.am-ում օրինագծերի տեղադրումը՝ դրանց հանրային լայն քննարկումների առաջին քայլը։ Այդուհանդերձ, ստիպված ենք հիշեցնել, որ հասարակության, այդ թվում՝ անկախ փորձագետների մասնակցությունը կարևոր որոշումներ կայացնելու գործընթացին ենթադրում է նրանց ներգրավումը շատ ավելի վաղ՝ գաղափարների ու կարծիքների քննարկման և նախագծերի մշակման փուլերից։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

- հիշյալ օրինագծերի փաթեթից հանել ԶԼՄ-ների հաշվառում նախատեսող դրույթները և դա չփոխկապակցել լրագրողներին Պետռեգիստրից անվճար տեղեկություններ տրամադրելու հետ,
- լրատվամիջոցների գործունեությանը և տեղեկատվության ոլորտին վերաբերող ցանկացած նոր օրենսդրական նախաձեռնություն կամ գաղափար նախ դարձնել փորձագիտական քննարկման առարկա, այնուհետև՝ լրագրողական հանրության ու քաղաքացիական հասարակության հետ համատեղ աշխատել օրինագծերի վրա։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

← Վերադառնալ ցուցակին