Նորություններ և իրադարձություններ
ԻԱԿ-ը՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծի մասին
15.02.2019
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, ողջունում է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջադրված գաղափարը, որով Նախագծի ընդունման շնորհիվ կվերացվի սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցների՝ իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների ստացման նպատակով պետական տուրք վճարելու պարտականությունը:
Միաժամանակ, հարկ ենք համարում ներկայացնել նախագծի վերաբերյալ մեր դիտարկումները:
1. Միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների ստացման նպատակով պետական տուրք վճարելու պարտականությունը լրատվամիջոցների համար վերացնելու դրույթը որոշակի հակասություն է ստեղծվում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հետ։ ՏԱ մասին ՀՀ օրենքը հասարակության որևէ խմբի համար տեղեկություն ստանալու գործընթացում որևէ արտոնություն չի սահմանում։ Նման արտոնություն սահմանված չէ նաև ՀՀ Սահմանադրությամբ, ուստի օրենսդրական հակասության հարցը բաց կմնա նման կարգավորում նախատեսելու պարագայում։
Մյուս կողմից, եթե որոշակի լուծում տրվի այս իրավական հակասությանը, առաջարկում ենք հաշվի առնել այն հանգամանքը, որ արդարացի և հիմնավորված կլիներ նմանատիպ արտոնություն սահմանել նաև քաղհասարակության մյուս ներկայացուցիչների՝ հասարակական կազմակերպությունների համար, որոնց զգալի մասը գործունեություն ծավալելիս հետապնդում է համանման նպատակներ ու առնչվում նույն խնդրին, ինչ լրագրողները: Նշենք, որ հասարակական կազմակերպությունները, ինչպես և լրատվամիջոցները, ակտիվորեն ներգրավված են հանրային վերահսկողության գործընթացներում, ինչի ապահովման համար տեղեկատվություն ստանալու մատչելիությունը առանցքային նշանակություն ունի:
2. Նախագծում նշվում է, որ լրատվության միջոցները ՀՀ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեկ ամսվա ընթացքում պահանջվող տեղեկությունների քանակը գերազանցում է տպագրված կամ պատճենահանված 10 էջը: Այս կարգավորումը նույնպես ուղղակի հակասություն է ստեղծում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին փաստաթղթերի փաթեթը սովորաբար գերազանցում է վերոնշյալ ծավալը՝ առաջարկում ենք վերաշարադրել նախագծի այս մասը՝ նշելով, որ անվճար տրամադրվում է մինչև 10 (տասը) էջը, իսկ տասը էջից ավելիի դեպքում դիմողը պարտավորվում է հատուցել պատճենահանման ծախսերը ՀՀ կառավարության N 1204-Ն (15.10.2015 թ.) որոշմամբ սահմանված չափերով՝ անկախ հարցումը ներկայացնելու ժամանակահատվածի, բացառությամբ նույնաբովանդակ հարցումը 6 ամսվա ընթաքում երկրորդ անգամ ներկայացնելու սահմանփակման: