Նորություններ և իրադարձություններ
«Տեղեկատվության ազատությունը Հայաստանում» աշխատաժողով
12.02.2019
Այսօր Երևանում անցկացվեց «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում. 16 տարվա փորձառություն» խորագրով աշխատաժողով, որը միավորել էր ոլորտի հիմնական դերակատարներին: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և ՀՀ արդարադատութայն նախարարության համատեղ միջոցառումը նպատակ ուներ ամփոփել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման 16 տարիների պրակտիկան ու դառնալ ՏԱ պաշտպանության արտադատական մեխանիզմների շուրջ քննարկումների հարթակ:
«Այսօր մեկ հարկի տակ հավաքվել ենք տեղեկատվության ազատության ոլորտում անցած տարիների փորձառությունն ամփոփելու, այս ոլորտում մեր ձեռքբերումներն ամրագրելու, միեւնույն ժամանակ առկա խնդիրները վերհանելու նպատակով։ Միջոցառումը հնարավորություն կտա նաև քննարկելու տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության արտադատական մեխանիզմները, հստակեցնելու դրանց կիրառման հնարավորությունները Հայաստանում»,- նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը, կարևորելով տեղեկատվության ազատության սկզբունքը, ողջունեց անցած ոլորտի մասնագետների, ակտիվ քաղաքացիների ու հասարակական կառույցների ներդրումն ու ջանքերը 16 տարիների ընթացքում տեղեկատվության ազատության զարգացման ոլորտում՝ նշելով որ այսօր, առավել քան երբևէ կարևոր է Տեղեկատվության ազատության մասին օրենքն ու դրա կիրառումը ։ «Վստահեցնում եմ պետական ապարատի հաշվետվողականության, թափանցիկության և արդարացի կառավարման բոլոր ջատագովներն արդեն ունեն համախոհներ նույն այդ պետական կառույցներում և կարող են համագործակցության ակնկալիք ունենալ»,- նշեց Լենա Նազարյանը։
Աշխատաժողովի բացմանը մասնակիցներին ողջունեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, որը կարևորելով այս հանդիպումը, նշեց, որ Տեղեկատվության ազատության իրավունքը կարևորագույն գործիք է սեփական շահերը պաշտպանելու, անարդարության դեմ պայքարելու համար, այն բարեկեցություն ստեղծելու միջոց է ու մյուս իրավունքների կիրառման երաշխիք; Արդարադատության նախարարությունը, բոլոր պետական մարմինները ամեն կերպ աշխատում են զարգացնել տեղեկատվության ազատության իրավունքի կիրառումը։ Մենք ստեղծում ենք այնպիսի կառուցակարգեր, որոնք հնարավորինս կնվազեցնեն պետական պաշտոնյաների դերն այս գործընթացում»,- նշեց Սուրեն Քրմոյանը։
«Վստահ եմ, որ նման քննարկումները, որոնք ենթադրում են տարբեր կարծիքների բարձրաձայնում և առկա մարտահրավերներին դիմակայելու համար ուղիների մատնանշում, նպաստում են մեր երկրում էլ ավելի ազատ մամուլի ձևավորմանը, տեղեկատվության ազատության առաջխաղացմանը և որպես արդյունք ավելի բաց, արդար, պահանջկոտ քաղաքացիական հասարակության զարգացմանը»,- նշեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանը:
Տեղական փորձագետներից բացի առանձին զեկույցով հանդես է եկել նաև Իրավունքի և ժողովրդավարության կենտրոնի գործադիր տնօրեն, միջազգային փորձագետ Թոբի Մենդելը, ով Հայաստան նախորդ անգամ այցելել էր դեռևս 2002 թ․-ին՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի մշակման շրջանակում։ «Այն ինչ 2003 թ․-ին արվել է Հայաստանում օրենքի ընդունմամբ, կարևոր և ուժեղ զարգացում էր: Հիմա ժամանակն է ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ փոփոխությունների կարիք ունի այն: Հայաստանում եղել են ժողովրդավար ընտրություններ, և կարծում եմ սա հրաշալի ժամանակ է օրենքը բարեփոխելու և տեղեկատվության ազատության պաշտպանության արտադատական անկախ մարմնի ստեղծման հնարավորությունները դիտարկելու համար»,- նշեց Թոբի Մենդելը։
Միջոցառմանը մասնակցում էին պետական կառույցներում տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձինք, ոլորտում մասնագիտացված քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և լրագորղական համայնքի ներկայացուցիչներ, ՏԱ տեղական և միջազգային փորձագետներ: Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են կառավարության թափանցիկության և տեղեկատվության մատչելիության հանձնառությունը, ոլորտում արձանագրած առաջընթացն ու առկա մարտահրավերները, տեղեկատվության ազատության ապահովման արտադատական մեխանիզմները ՏԱ պրոակտիվ մոտեցումը, անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվության մատչելիության հավասարակշռման առնչվող հարցեր: