Նորություններ և իրադարձություններ
Սև ցուցակ 2018
10.01.2019
Սև ցուցակ 2018
Այս գերատեսչությունները 2018 թվականի ընթացքում անպատասխան են թողել կամ տրամադրել են անհիմն պատասխաններ տեղեկություն ստանալու հարցումներին։
- ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան
- 2018 թ.-ի մայիսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել աշխատակազմում առկա թափուր հաստիքների ցանկն ու նշման աղբյուրը: Կառավարության աշխատակազմը անհիմն պատասխանը տրամադրել է 7 աշխատանքային օր անց: Պատասխանը անհիմն է, քանի որ թեև Կառավարության աշխատակազմը շարունակում է նոր նշանակումներ անել, սակայն պատասխանում նշում է, որ թափուր հաստիքների մասին տեղեկատվություն առկա չէ։ http://www.givemeinfo.am/hy/case/2384/
- 2018 թ.-ի սեպտեմբերի 14-ին Yerkir.am առցանց պարբերականի լրագրող Ռոզա Խաչատրյանը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություն այն մասին, թե ինչու Վարչապետի պաշտոնական կայքի «Աշխատակազմ» բաժնում նշված չէ Սոֆյա Նավասարդյանի անունը և ինչու է Վարչապետի որոշումների ցանկից հեռացվել վերջինիս նշանակման մասին որոշումը: Լրագրողը խնդրել է պարզաբանել, թե արդյոք Սոֆյա Նավասարդյանը շարունակում է աշխատել: Վարչապետի աշխատակազմից լրագրողին ուղարկված նամակով աշխատակազմը խնդրել է 30-օրյա ժամկետ, սակայն այդպես էլ չի պատասխանել հարցմանը: http://www.givemeinfo.am/hy/case/2547/
- 2018 թ.-ի սեպտեմբերի 26-ին Մեդիամաքս առցանց պարբերականի լրագրող Լուսինե Մկրտչյանը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություն այն մասին, թե կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ մղված պայքարի արդյունքում որքան գումար է վերականգնվել պետական բյուջեում և ուր են ուղղվել այդ միջոցները։ Վարչապետի աշխատակազմից պատասխան նամակով տեղեկացրել են, որ հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում: Հարցումն այդպես էլ մնացել է անպատասխան: https://www.mediamax.am/am/news/society/31186?fbclid=IwAR1lcOVvAZdQ8slNKEwbO996Y4Sgs7H-VAgi7MZlwSOYu2wH2LaD_GOQsnI
- ՀՀ պաշտպանության նախարարություն, նախարար Դավիթ Տոնոյան
- 2018 թ.-ի մայիսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն` խնդրելով տրամադրել նախարարության 2018 թվականի բյուջեի կատարման 1-ին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը: Նախարարությունը անհիմն կերպով մերժել է պատասխանի տրամադրումը: ՊՆ պատասխանը համարել ենք անօրինական մերժում, քանի որ նախարարությունը նախ լրացուցիչ ժամանակ էր խնդրել պատասխանը տրամադրելու համար, իսկ այնուհետև 4 օր անց մերժել։ ՏԱ մասին օրենքի համաձայն՝ մերժումը պետք է տրամադրվի 5 օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ժամանակ խնդրում են բացառապես տեղեկատվության տրամադրելու, և ոչ մերժումը հիմնավորելու համար: http://www.givemeinfo.am/hy/case/2379/
- 2018թ.-ի մայիսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՊՆ՝ խնդրելով տրամադրել գերատեսչությունում առկա թափուր հաստիքների ցանկն ու հրապարակման աղբյուրը: Նախարարության պատասխանը համարել ենք անօրինական մերժում, քանի որ նախարարությունը նախ լրացուցիչ ժամանակ էր խնդրել պատասխանը տրամադրելու համար, իսկ այնուհետև 3 օր անց մերժել։ ՏԱ մասին օրենքի համաձայն՝ մերժումը պետք է տրամադրվի 5 օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ժամանակ խնդրում են բացառապես տեղեկատվություն տրամադրելու, եւ ոչ մերժումը հիմնավորելու համար: http://www.givemeinfo.am/hy/case/2395/
- 2018թ.-ի սեպտեմբերի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություն նախարարության կողմից 2017 և 2018թ.թ.-ին իրավաբանական ու ֆիզիկական անձանց նվիրատվություն և նվիրաբերություն տրամադրելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարությունը պատասխան չի տրամադրել: http://www.givemeinfo.am/hy/case/2477/
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, նախարար Գաբրիել Ղազարյան
2018 թ.-ի նոյեմբերի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ խնդրելով տեղեկություն Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ում իրավապահ մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքների վերաբերյալ: Նախարարությունը 11 օր անց տրամադրել է անհիմն պատասխան՝ նշելով, թե քննչական գործողությունները դեռևս ընթացքի մեջ են: http://www.givemeinfo.am/hy/case/2487/
2018 թ.-ի նոյեմբերի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ խնդրելով տեղեկություն Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի լուծարման հիմքերի վերաբերյալ: Նախարարությունը 11 օր անց տրամադրել է անհիմն պատասխան՝ հղում անելով Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքին, որտեղ տեղադրված է լուծարման որոշման նախագիծը, այնինչ լուծարման մասին ծանուցումներ ՊՈԱԿ-ի աշխատակիցները ստացել էին նախագծի հանրայնացումից շաբաթներ առաջ:http://www.givemeinfo.am/hy/case/2486/
- Սփյուռքի նախարարություն, նախարար Մխիթար Հայրապետյան
- 2018թ.-ի օգոստոսի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություն ՀՀ պետական բյուջեից ՀԿ-ներին տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների վերաբերյալ: Նախարարության մերժումը համարվել է անհիմն, քանի որ տրամադրվող տեղեկատվությունը չի կարող համարվել պետական/ծառայողական, ինչպես նաև բանկային և առևտրային գաղտնիք: Նշենք, որ նույնաբովանդամ մեր հարցմանը մյուս բոլոր նախարարությունները պատշաճ պատասխան են տվել: http://www.givemeinfo.am/hy/case/2460/