Նորություններ և իրադարձություններ
Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2018
26.12.2018
2018թ.-ի դեկտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն յոթերորդ տարին: Մրցանակաբաշխությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը:
Մրցույթի նպատակն է խրախուսել այն լրագրողներին, որոնք իրենց աշխատանքներում անդրադառնում են մարդկանց թրաֆիքինգի երևույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը՝ նպաստելով թրաֆիքինգ երևույթի և դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման բարձրացմանը:
Այս տարվա նոյեմբերին հայտարարված մրցույթում ընդգրկվել են 2017-2018թթ.-ին հրապարակված մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին վերաբերող տպագիր, առցանց, ռադիո և հեռուստատեսային լրագրողական նյութերը: Մրցույթին ներկայացվել է 9 լրագրողական նյութ: Ներկայացված աշխատանքները դիտարկել և գնահատել են լրագրողներից և փորձագետներից կազմված ժյուրին, նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով:
Մրցանակների հանձնման արարողությանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով Խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը: Մրցույթի կազմակերպիչ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Ծրագրերի համակարգող Լիանա Դոյդոյանը հայտարարեց մրցույթի արդյունքները:
Ըստ Ժյուրիի անդամների գնահատականների՝ մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ նյութերը.
1. Հեռուստատեսություն և ռադիո անվանակարգ
- Առաջին տեղի մրցանակակիր չկա
- Երկրորդ տեղի մրցանակակիրները երկուսն են՝ Քրիստինե Ոսկանյան,ԱՐ հեռուստաընկերություն՝ «13 մարդ ստրկության է ենթարկվել» և
- Ամալյա Պապյան, ռադիո Մարշալի եթերով հեռարձակված՝ «Բաց Փակագիծ». Թրաֆիքինգի նոր դրսևորումներ՝ արդեն Հայաստանում
- Երրորդ տեղի մրցանակակիր չունենք:
2. Տպագիր և առցանց լրատվամիջոցներ անվանակարգ
- Առաջին տեղի մրցանակակիրն է Արմինե Ավետիսյանը, OC Media «Սեքս ստրկության զոհերը. թրաֆիքինգ»
- Երկրորդ տեղի մրցանակակիր չկա:
- Երրորրդ տեղի մրցանակակիրները երկուսն են - Լիլիթ Դեմուրյան, Արմենպրես լրատվական գործակալությունից, «Թրաֆիքինգի զոհ է դարձել ՀՀ 37 քաղաքացի. ինչպիսի շահագործման են ենթարկվում հայերը և որտեղ. հարցազրույց»
- և Ելենա Արամյանը Լեգալինֆո, «Թրաֆիքինգի դրսևորումները ՀՀ-ում. աշխատանքային շահագործում»
Մրցանակակիրներին հանձնվեցին հավաստագրեր, ինչպես նաև մրցանակային տեղերի համար սահմանված դրամական պարգևներ՝ 200, 170 և 130 հազարական ՀՀ դրամ՝ համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար: