Նորություններ և իրադարձություններ
Տեղի ունեցավ "Ոսկե բանալի,ժանգոտ կողպեք" ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությունը
29.09.2018
2018թ. սեպտեմբերի 28-ին Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու համար արդեն 16-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետի աշխատակզմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը, ով իր ելույթում կարևորեց այս նախաձեռնությունը և շեշտեց. «Մեր օրերում տեղեկատվությունը չափազանց կարևոր և առանցքային ռեսուրս է, և դրա հետ պետք է խնամքով վարվել, թերևս տեղեկատվության համար լավագույն խնամքը դրա ազատության, հասանելիության և թափանցիկության ապահովումն է: Հակառակ դեպքում մենք հնարավորություններ ենք ստեղծում բախվելու այնպիսի երեւույթների հետ, ինչպիսինք են ապատեղեկատվությունը, փաստերի խեղաթյուրումը և այլն»:
ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ. «հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների, ակտիվ անհատ քաղաքացիների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ջանքների շնորհիվ տեղեկատվության ազատության իրավունքի կիրառմամբ Հայաստանն առաջանցիկ է շատ զարգացած երկրներից»:
Հայաստանում Եվրոպական լրագրության ակումբի ներկայացուցիչ Լիզա Էսեքսը ողջունեց ներկաներին և իր մեծ ոգևորությունն ու աջակցությունը հայտնեց Հայաստանի քաղաքացիներին: Նա շեշտեց, որ Հաայստանի հանրապետության Տեղեկատվության ազատության օրենքը բավակնին լավ և առաջադեմ օրենք է:
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը ողջունեց ներկաներին և ասաց. «Հայաստանում հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարությունը մի շարք մարտահրավերներ ունի հաղթահարելու այս հարցում։ Առաջինը՝ կադրերի վերապատրաստման հարցն օրհասական է։ Պետական մարմիններում նորանշանակ տեղեկատվության ազատության պատասխանատուներից շատերը չեն տիրապետում օրենքի պահանջներին։ Կառույցներից շատերում չհամակարգված, անտեղյակ իրավիճակ է։ Ինչպես ասում են՝ ձախ ձեռքը չգիտի՝ աջն ինչ է անում։ Այս ներքին կոորդինացիայի պակասն անդրադառնում է ողջ կառվարության տեղեկատվական քաղաքականության իրականացման որակի վրա։ Հաջորդը՝ տեղեկատվության պրոակտիվ հրապարակման հարցն է։ Շատ գերատեսչություններ լավ չեն պատկերացնում այս պարտավորության իրականացման էությունը։ Շատերը սոցիալական ցանցերում գրառումներ անելը համարում են բավարար եւ օրենքի պահանջը կատարած։ Մինչդեռ պրոակտիվ հրապարակումը ենթադրում է ՏԱ եւ հարակից օրենսդրությանմբ սահմանված պարտադիր հրապարկման տեղեկությունների մատչելի հրապարակում պաշտոնական կայքերում, դրանց պարբերաբար թարմացում, հրապարկման աղբյուրի հասանելիություն մարդկանց համար։ Վերջինը՝ ես այս մասին վերջին ամիսներին մի քանի անգամ ահազանգել եմ, որ հարցումներին պատասխանելու վիճակագրությունը նմանվել է 2008 թվականի վիճակագրությանը, երբ մեր հարցումները կարող են անպատասխան մնալ ընդհանրապես, եւ կամ՝ գրավոր անօրինական մերժումներ տրամադրվեն։ Լուրջ անելիք ոնի կառվարությունը, եւ դրա համար մենք որոշել ենք նրան ժամանակ տալ ոչ թե մեկ- երկու ամիս, այլեւս մեկ ամբողջ տարի, այս ոլորտում համակարգային բարեփոխուներ անելու նպատակով»:
Ինչպես նշեց ԻԱԿ նախագահ Դոյդոյանը, այս տարի ինչպես ամենաբաց գերատեսչության, այնպես էլ ամենափակ գերատեսչության անուններ չեն հայտարարվելու, քանի որ Կառավարությունը ադեռևս նելիքներ ունի:
Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին` որպես բաց և հրապարակային աշխատանքի խորհրդանիշ, շնորհվեց հետևյալ անվանակարգերում.
- Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք ճանաչվեց հարցումների ներկայացման էլեկտրոնային միասնական հարթակ e-request.am-ը:
- Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ամենամյա Հատուկ մրցանակը՝ Բաց կառավարման նախաձեռնության շրջանակներում կառավարություն-քաղհասարակություն համագործակցության արդյունավետ համակարգման և ապահովման համար տրվեց ԲԿԳ հայաստանյան աշխատանքային խմբի քարտուղար, ՀՀ վարչապետի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ Լիլիա Աֆրկյանին:
- Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Իրավունքի ուժ» ՀԿ-ն:
- Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրատվամիջոց ճանաչվեց Ampop.am-ը:
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող վեց ՀԿ-ների ներկայացուցիչ-ներից բաղկացած անկախ ժյուրին: Հրապարակային և փակ գերատեսչությունների ընտրության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: