Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Lրագրողների նկատմամբ բռնությունների ու մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը

22.04.2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22.04.2018

Վերահաստատելով ստորեւ բերված ս.թ. ապրիլի 19-ի մեր հայտարարության գնահատականները եւ պահանջները, ներկայացնում ենք ապրիլի 20-ին ու 21-ին և 22- ին լրագրողների նկատմամբ բռնությունների ու մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը:

Ապրիլի 21-իառավոտյան Երեւանի Նորքի 7-րդ զանգվածում Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների կողմից իրականացվող երթի ընթացքում ծագած հրմշտոցի արդյունքում վնասվել է Factor.TV-ի տեսախցիկը։

Արտաշատի մատույցներում բողոքի գործողությունները լուսաբանող «Ազատության» թղթակից Արուս Հակոբյանի վրա հարձակում գործեցին քաղաքացիական հագուստով անձինք, պատճառելով մարմնական վնասվածքներ: Միջադեպին ներկա ոստիկանները ոչինչ չարեցին՝ բռնությունը կանխելու համար:

Նույն օրը Ավան թաղամասում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ հարձակման է ենթարկվել Սիվիլնեթի լրագրող Անի Գրիգորյանը: Քաղաքացիական հագուստով անձի դժգոհությունն էր առաջացրել լրագրողի հարցը, ինչով է պայմանավորված բողոքի ցուjցերում չմասնակցող մարդկանց կուտակումը այդ վայրում: Ընդհանրապես պետք է արձանագրել, որ քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից բռնությությունները ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բավականին տարածված երեւույթ են դառնում: Եւ ամենայն հավանականությամբ քաղաքապետի առանձատան մոտ հավաքվածները հենց այդպիսի խմբերից մենն էին:

Ապրիլի 21-ին Սիվիլնեթի եւս երկու լրագրողներ ընթարումներ ունեցան ոստիկանների հետ: Թաթուլ Հակոբյանին ուժի կիրառմամբ խոչընդոտել են նկարահանումներ իրականացնել այն պահին, երբ ենթադրաբար փորձ էր արվել մեկուսացնել եւ բերման ենթարկել ԱԺ պատգամավոր ու “Քայլ արա, մերժիր Սերժին” շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին”: Իսկ Ալինա Նիկողոսյանին “կարմիր բերետավորներից” մեկը ուժեղ հարվածել է միջքին, երբ լրագրողը նկարահանում էր Մաշտոցի պողոտաի ու Ամիրյան փողոցի խաչմերուկում ցուցարարներին բերման ենթարկելը:

Նախորդ օրը Երևան-Աբովյան մայրուղու վրայից բերման ենթարկվեց Sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանը: Թեեւ նա կրում էր բեյջ եւ ներկայանում որպես լրագրող, նրան բռնի ուժով նստեցրեցին ոստիկանական մեքենա ու միայն որոշ ժամանակ անց վերադարձրեցին նույն վայր, որտեղից տարել էին ։

Նոր Նորքի խաչմերուկում ցուցարաների նկատմամբ բռնություն կիրառող քաղաքացիական հագուստով անձանցից մեկը, տեսնելով, որ lragur.am֊ի լրագրող Թեհմինե Ենոքյանը նկարահանում է իրենց գործողությունները հարվածեց նրա գլխին: իսկ այնտեղ հայտնված կանանցից մեկը քաշեց մազերից, իսկ մյուսը` պոկեց պայուսակիս քուղը: Էստ, Թեհմինե Ենոքյանի, ականատես քաղաքացիներն ասացին, որ բռնություն կիրառողները մինչ այդ ներկայացել էին որպես թաղապետարանի աշխատակիցներ, որոնք սերտ շփվում են ավելի ուշ ժամանաց ոստիկանների հետ:

Մաշտոցի պուրակի մոտակայքում, երբ ցուցարարներն Ամիրյան փողոցից շարժվել էին դեպի Մաշտոցի պողոտա, ոստիկանները փորձեցին բերման ենթարկել ցուցարաների դեմ իրենց գործողությունները լուսաբանող News.am-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին: Թեպետ, և այս, եւ նախորդ նկարագրված դեպքերում, ըստ լրագրողների, նրանց շփոթել էին ցուցարարների հետ:

Բռնությունները լրագրողների նկատմամբ շարունակվել են նաև ապրիլի 22-ին։
Գիշերը Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։

«Ազատության» փոխանցմամբ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ, աշխատանքից տուն վերադարձող Եղիզարյանը փորձել է հեռախոսով նկարահանել, թե ինչպես են մոտ հինգ տասնյակ ոստիկաններ փորձում, ուժ գործադրելով, ցրել հրապարակը արգելափակած մեքենաների ցույցը։ Նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են, 6-7 ոստիկաններ հարձակվել են Եղիազարյանի վրա՝ չնայած նա կրելիս է եղել «Ազատության» ծառայողական վկայականը և այն հստակ ցուցադրել է, մի քանի անգամ զգուշացրել, որ «Ազատություն» ռադիոկայանից է։

«Ռադիոլուրի» թղթակից Լիանա Եղիազարյանը Արցախ-Էրեբունի խաչմերուկում ցուցարարների դեմ գործողությունների ընթացքում հատուկ միջոցների կիրառումից վնասվածք է ստացել։ Ըստ Armradio.am կայքի տեղեկության, նա կարողացել է հասնել հանրային ռադիոյի շենք, որտեղ և շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել՝ խորհուրդ տալով գնալ հիվանդանոց։

Այդ նույն խաչմերուկում ոստիկանների կողմից հատուկ միջոցների օգտագործման արդյունքում վնասվածքներ ստացան “ԳԱԼԱ” հեռուստաընկերության օպերատորներ Համբարծում Պապոյանը եւ Արմեն Պետրոսյանը: Վերջինի նկատմամբ ոստիկանները նաեւ բռնություններ են կիրառել: Դեպքի վայրից նրան ուշաթապ վիճակում քաղաքացիները նրան առաջին օգնությունն են ցույց տվել եւ շտապբուժօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Shantnews.am-ի թղթակից Արտակ Խուլյանը, որը Էրեբունի համայնքում լուսաբանում էր բողոքի ակցիաները, հաղորդել է, որ իրեն հարվածել են քարերով, հետո էլեկտրահարել:

Երևանի Հանրապետության հրապարակում սև դիմակով ոստիկանը շպրտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նաիրա Բուլղադարյանի տեսախցիկը՝ թույլ չտալով նրան նկարահանում իրականացնել։ Ուղիղ եթերում պարզ երևում էին այն կադրերը, թե ինչպես էին ոստիկանները վազում և այդ ընթացքում լրագրողի տեսախցիկը հայտնվում է գետնին՝ կադրեր գրանցելով։ Լրագրողի հարցերի ի պատասխան Օսիպյանը ասել է․ «Ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում, այնպիսի հատվածում եղեք, որ կամերաները չվնասվեն»։

Ոստիկանների կողմից խոչընդոտվել է նաև Media.am-ի լրագրող Գայանե Ասրյանի աշխատանքը։ Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկում ցուցարարների ու ոստիկանների բախման ժամանակ նա հարված է ստացել սև դիմակով ոստիկանից։
Նա ականատես է եղել նրան, որ ցուցարարների վրա ոստիկանները լուսային նռնակներ էին շպրտում, ծեծում ու հրում նրանց։

Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին, արձանագրել լրագրողների նկատմամբ բոլոր ոտնձգությունները և վերահաստատում ենք մեր պահանջը դադարեցնել բռնությոնները և պատժել մեղավորներին։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ
 

← Վերադառնալ ցուցակին