Նորություններ և իրադարձություններ
Մամուլի խոսնակ, թե՞ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
21.02.2018
2018թ.-ի փետրվարի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր դասընթաց-քննարկում լրագրողների, ՔՀԿ ներկայացուցիչների և պետական մարմինների տեղեկատվության պատասխանատուների համար:
Օրակարգային հարցերից էին տեղեկատվության ազատության համար պատասխանատուների լիազորությունները, Էլեկտրոնային հարցումներին պատասխանելու, դրանք դասակարգելու եղանակները, էլեկտրոնային տեղեկատվության տրամադրումը, պաշտոնական ինտերնետային կայքերը որպես տեղեկատվության տրամադրման պրոակտիվ միջոց,ինչպես նաև՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող մամուլի խոսնակներին վերաբերող փոփոխությունները:
Քննարկումը հատկապես բուռն անցավ օրենքի նախագծի շուրջ: Օրինագիծն արդեն արժանացել է կառավարության հավանությանը և ուղարկվել Ազգային ժողով: Նոր օրինագծով՝ մամուլի քարտուղարը կլինի նաև վարչության պետը, իսկ պաշտոնը կլինի հայեցողական: Նրան կնշանակի նախարարը կամ տվյալ գերատեսչության ղեկավարը: Շուշան Դոյդոյանը նշեց՝ օրինագիծը մարտահրավեր է նախորդ տասը տարիների ձեռքբերումների համար. «Հասարակայնության հետ կապերի վարչության ոլորտը ՀՀ-ում արդեն կայացած է: Պետական մարմիններում գործում են համապատասխան կառույցներ, որոնք համակարգում են մամուլի եւ հասարակության հետ կապերը: Սակայն մեր մտահոգությունն այն է, որ նախորդ տասը տարիների այդ աշխատանքին մեծ հարված կհասցվի: Ցավ կապրեմ, եթե, օրինակ, պետական կառույցների որոշ մամուլի խոսնակներ լքեն դաշտը՝ օրենսդրական փոփոխությունների պատճառով»: