Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Հայտնի են Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման լրագրողական մրցույթի հաղթողները

22.12.2017

2017թ.-ի դեկտեմբերի 22-ին ՀՀ Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցավ Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն վեցերորդ տարին:

Մրցանակաբաշխությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը (Խորհուրդ), որը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Մրցույթի նպատակն է խրախուսել այն լրագրողներին, որոնք իրենց աշխատանքներում անդրադառնում են մարդկանց թրաֆիքինգի երևույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը՝ նպաստելով թրաֆիքինգ երևույթի և դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման բարձրացմանը:

Այս տարվա նոյեմբերի 1-ին հայտարարված մրցույթում ընդգրկվել են 2016 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2017թ.-ի հոկտեմբերի 31-ը հրապարակված մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին վերաբերող տպագիր, առցանց, ռադիո և հեռուստատեսային լրագրողական նյութերը: Մրցույթին ներկայացվել է 9 լրագրողական նյութ: Ներկայացված աշխատանքները դիտարկվել և գնահատվել են լրագրողներից և փորձագետներից կազմված ժյուրիի կողմից, նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով:

Մրցանակների հանձնման արարողությանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը և ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը:

Այնուհետև մրցույթի կազմակերպիչ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը հայտարարեց մրցույթի արդյունքները:

Ըստ Ժյուրիի անդամների գնահատականների՝ մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ նյութերը.

  1. Հեռուստատեսություն և ռադիո անվանակարգ
    • Առաջին տեղի մրցանակակիր չկա
    • Երկրորդ տեղի մրցանակակիր - Ամալյա Պապյան, SPUTNIK Հայաստան ռադիոկայան, «Մանկական աշխատանքի շահագործում և սեռական թրաֆիքինգ. փաստեր և վիճակագրություն» https://armeniasputnik.am/video/20170808/8205060/armenia-trafiking.html
    • Երրորդ տեղի մրցանակակիր – Գոհար Հայրապետյան- Երկիր մեդիա հ/ը «ԿինՅան. Հայաստանցի կանանց թրաֆիքինգը» հաղորդում. https://www.youtube.com/watch?v=fu8MHqE7U5k

  2. Տպագիր և առցանց լրատվամիջոցներ անվանակարգ
    • Առաջին տեղի մրցանակակիր չկա
    • Երկրորդ տեղի մրցանակակիր – Աստղիկ Գևորգյան, Ampop.am, «Թրաֆիքինգը Հայաստանում. աճում է թրաֆիքինգից տուժած տղամարդկանց և երեխաների թիվը». http://ampop.am/trafficking-in-armenia/
    • Երրորդ տեղի մրցանակակիր – Ռուզան Մինասյան, Առավոտ օրաթերթ, «Ստիպում էր իր բերած հաճախորդներին մերսել, ունենալ սեռական հարաբերություններ. Տղամարդը պետք է լիներ ամբողջությամբ մերկ», http://www.aravot.am/2017/06/08/890666/

Մրցանակակիրներին հանձնվեցին հավաստագրեր, ինչպես նաև մրցանակային տեղերի համար սահմանված դրամական պարգևներ՝ 300, 200 և 100 հազար դրամ՝ համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար:
Մրցանակաբաշխությանը ներկա էին Խորհրդի և դրան կից միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամներ, պետական պաշտոնյաներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և լրագրողներ:
 

← Վերադառնալ ցուցակին