Նորություններ և իրադարձություններ
"Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիտարկումները
06.04.2017
1. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «Օտարերկրյա անձինք սույն օրենքով նախատեսված իրավունքներից և ազատություններից կարող են օգտվել միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում»:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատություն ունի յուրաքանչյուր ոք: ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք նույնպես ունի յուրաքանչյուր ոք: Այնինչ, Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասով ըստ էության սահմանափակված է օտարերկրյա անձանց տեղեկություններ ստանալու ազատությունը:
Միաժամանակ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածը սահմանում է, որ ցանկացած միջոցներով ու պետական սահմաններից անկախ իրազեկում և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատություն ունի յուրաքանչյուր ոք: Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը նույնպես սահմանում է, որ տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատություն ունի յուրաքանչյուր ոք։ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի համաձայն՝ անկախ պետական սահմաններից, բանավոր, գրավոր կամ մամուլի միջոցով կամ էլ գեղարվեստական ձևով արտահայտված կամ մի այլ ձևով սեփական ընտրությամբ ամեն տեսակի ինֆորմացիա ու գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատություն ունի յուրաքանչյուր մարդ:
Բացի վերոնշյալը՝ Տեղեկատվության ազատության ոլորտի հայաստանյան պրակտիկայում երբեւէ խնդրահարույց չի եղել, անհրաժեշտ չի եղել կիրառել օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ սահմանափակում նախատեսող գործող օրենքում առկա դրույթը:
Հետեւաբար, գտնում ենք, որ օտարերկրա քաղաքացիների ՏԱ իրավունքի սահմանափակում նախատեսող Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ չէ, այն պետք է բացառել;
2. ՏԱ լիազոր մարմին ստեղծելու գաղափարն արտացոլված է Նախագծի 15-րդ հոդվածում, սակայն գտնում ենք, որ լիազոր մարմնի լիազորությունները թույլ են՝ նման մարմնին բնորոշ գործառույթները պատշաճ իրականացնելու համար:
Մասնավորապես, ՏԱ լիազոր մարմինների ինստիտուտի միջազգային փորձը վկայում է, որ տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության լավագույն երաշխիքը տեղեկատվության ազատության լիազոր մարմինն է, որը սովորոբար կոչվում է հանձնակատար: Տեղեկատվության ազատության բողոքներն ուսումնասիրելու նպատակով հատուկ նման մարմիններ են ստեղծվել Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում և այլուր: Նույնիսկ կան երկրներ, որտեղ այս իրավունքի դատական պաշտպանություն ընդհանրապես չի գործում, իսկ ՏԱ հանձնակատարը հռչակվում է որպես տեղեկատվության ազատության բողոքարկման միակ և վերջնական մարմին: ՏԱ հանձնակատարի հիմնական նպատակներն են ՏԱ օրենսդրության կիրառումը, տեղեկատվության ազատության իրավունքի խթանումը և ՏԱ իրավունքի խախտումների բողոքարկումը: Հանձնակատարը արտադատական կարգով լուծում է տեղեկատվության ազատության ոլորտում առաջացած վեճերը։ ՏԱ հանձնակատար ունենալու անհրաժեշտությունը նաեւ ՏԱ իրավունքի խախտումների անկախ վերանայումն է: Որպես գործունեության հիմնական նպատակ` ՏԱ հանձնակատարը պետք է ընդունի և քննի ՏԱ իրավունքի խախտման վերաբերյալ բողոքները, ունենա նաև խախտումները բողոքարկելու իրավասություն` անկախ այն բանից, թե ինչպիսի խախտման մասին է խոսքը` անօրինական մերժում, լուռ մերժում, թե ՏԱ իրավունքի այլ խախտում:
Հետեւաբար Նախագծով առաջարկվող լիազոր մարմնի իրավասությունները թույլ են, առնվազն ահնրաժեշտ է օժտել լիազոր մարմնին բողոքներ քննելու եւ պարտադիր կատարման ենթակա որոշումներ կայացնելու իրավազորությամբ, ինչպես նաեւ օժտել համապատասխան անկախության երաշխիքներով:
Ինչու՞ Օմբուցմենը չի կարող լիարժվեք ապահովել Հայաստանում Տեղեկատվության ազատության իրականացումը։
Օմբուցմենը մարդու իրավունքների պաշպանն է և գործում է միայն այն դեպքում, երբ կա մարդու իրավունքի խախտում։ Նա մշտապես գործում է հօգուտ մարդու իրավունքների։ Մինչդեռ ՏԱ հանձնակատարը չեզոք մարմին է։ Նրան դիմում են ինչպես քաղաքացիները, այնպես էլ պետական մարմինները պաշտոնական խորհրդատվություն ստանալու նպատակով` ինչպես կիրառել ՏԱ մասին օրենքը։
Ինչպես նաև, զարգացող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, մարդու իրավունքների պաշտպանը որպես կանոն ունի գործունեության բավական լայն շրջանակներ, որոնք ներառում են մարդու տարբեր իրավունքների պաշտպանությունը, ուստի տեղեկատվության ազատության իրավունքին մարդու իրավունքների պաշտպանը չի կարող բավարար ժամանակ և միջոցներ հատկացնել:
Այս պատճառով է, որ միջազգային փորձագետները խստորեն խորհուրդ են տալիս ՏԱ իրավունքի պաշտպանության, ապահովման և վերահսկողության խնդիրները չդնել օմբուցմենի կամ նմանատիպ այլ մարմնի վրա:
Հուսով ենք Հայաստանում տեղեկատվության ազատության բարեփոխման ընթացքում այս փաստը հաշվի կառնի ՀՀ կառավարությունը։