Նորություններ և իրադարձություններ
Դատարանը բավարարեց ԻԱԿ-ի և քաղաքացու հայցն ընդդեմ ԲՈՀ-ի
10.11.2016

Քաղաքացու՝ տեղեկություն ստանալու հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ 2016թ.-ի նոյեմբերի 9-ին կայացրած վճռով։
2015թ-ի սեպտեմբերին ՀՀ քաղաքացի Աշոտ Եղիազարյանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի աջակցությամբ դիմել էր ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի, քանի որ վերջինս չէր պատասխանել քաղաքացու տեղեկություն ստանալու հարցմանը: Վարչական դատարան քաղաքացին դիմել էր ԲՈՀ-ի անգործությունը (օրենքով սահմանված ժամկետում պատասխան չտրամադրելը) ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով:
Այն բանից հետո, երբ քաղաքացին արդեն դիմել էր ԻԱԿ-ին եւ ԻԱԿ-ի աջակցությամբ պատրաստվում էր դատական կարգով պաշտպանել տեղեկատվության ազատության իր իրավունքը, ԲՈՀ-ն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրեց պատասխան գրություն` որը, սակայն, չէր համապատասխանում Օրենքի պահանջներին. հարցմամբ պահանջված տեղեկություններից (պատճեններից) ոչ մեկը ԲՈՀ-ը չէր տրամադրել: Ուստի, քաղաքացին շարունակեց պնդել հայցը:
ՀՀ վարչական դատարանը բավարարեց Աշոտ Եղիազարյանի հայցը` ոչ իրավաչափ ճանաչեց ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի անգործությունը:
Դատական գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.foi.am/hy/all-cases/item/1510/