Նորություններ և իրադարձություններ
Կիևում կայացավ Տեղեկատվության ազատության մասին առաջին օրենքի 250-ամյակին նվիրված միջազգային համաժողովը
22.09.2016
2016թ.-ի սեպտեմբերի 21-22-ին Կիևում տեղի ունեցավ Տեղեկատվության ազատության մասին օրենքի 250-ամյակին նվիրված միջազգային համաժողովը, որին մասնակցում էին կառավարությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից եւ Ադրբեջանից:
Ողջույնի խոսքով հանդես եկան Ռեգիս Բրիլեթը՝ Ուկրաինայում Եվրոպական խորհրդի գրասենյակի հատուկ խորհրդատուն, Վալերիա Լուտկովսկան՝ Ուկրաինայում մարդու իրավունքների պաշտպանը, և Մարտին Հենգսթրոմը՝ Ուկրաինայում Շվեդիայի դեսպանը:
Հատուկ պատմական ակնարկ կատարվեց Շվեդիայի կողմից աշխարհում Տեղեկատվության ազատության մասին առաջին օրենքի ընդունման պատմությանը: Քննարկվեց դատարանների դերը ՏԱ իրավունքի պաշտպանության հարցում: Օրակարգային հարցերից էր Ուկրաինայում ՏԱ իրավունքի ոլորտում առաջացած խնդիրների լուսաբանումը։ Այնուհետեւ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ադրբեջանի ներկայացուցիչները ներկայացրին իրենց երկրի ՏԱ ոլորտի փորձը, տիրող իրավիճակը և ՏԱ իրավունքի պաշխտանությանն ուղղված գործողությունները: Անելիքները դեռևս շատ են, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրական տեղաշարժ ՏԱ ոլորտում աշխարհում, այնուամենայնիվ, կա:
Իր ելույթում ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Էմիլ Մարգարյանը կարևորեց նախարարության և "Ինֆորմացիայի ազատության կենտրոնի" ակտիվ համագործակցությունը, քանի որ այս համագործակցության շնորհիվ լուրջ քայլեր են իրականացվել և շարունակվում են իրականացվել ՏԱ ոլորտում: Անդրադարձ կատարվեց ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանելու մասին» թիվ 1204-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումներին:
Համաժողովի արդյունքում փորձագետները եկան այն եզրահանգման, որ մասնակից երկրներում անհրաժեշտ է ստեղծել անկախ իրավասու մարմին՝ ապահովելու տեղեկատվության ազատության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքները: Այս երկու իրավունքների պաշտպանության համատեղումը մեկ հովանու ներքո շատ արդյունավետ մոդել է ժամանակակից ժողովրդավարական երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Բրիտանիայի Միացյալ Թագավորությունը, Հունգարիան, Էստոնիան: Հավելենք, որ առաջիկայում Հայաստանը ևս պատրաստվում է որդեգրել այս մոդելը:
Համաժողովը կազմակերպվել էր "Մամուլի ազատության ուժեղացման և հանրային հեռարձակման համակարգի հաստատման" ծրագրի շրջանակներում Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատարի և Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությամբ: