Նորություններ և իրադարձություններ
Դավիթ Հարությունյան. "պետության կողմից ինֆորմացիայի հրապարակումը պետք է լինի ոչ թե բարի կամքի դրսևորում, այլ համատարած նորմ"
28.09.2016
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի բացման խոսքը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 15-րդ ամյակի և Տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ անցկացվող «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» 14-րդ ամենամյա մրցանակաբաշխությանը.
"Հարգելի ներկաներ, պարոն Լոուրենս, տիկին Դոյդոյան,
Ողջունում եմ բոլոր մասնակիցներին և շնորհավորում Տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ:
Այն փաստը, որ տարբեր ոլորտի ներկայացուցիչներ այսօր հավաքվել են մեկ վայրում նշանավորելու հենց այս իրավունքը՝ ինֆորմացիայի ազատությունը, վկայում է, որ ժամանակակից աշխարհում այն հանդիսանում է ժողովրդավարական և ուժեղ պետությունների անկյունաքար:
Ինֆորմացիայի ազատության իրավունքի յուրահատկությունն այն է, որ վերջինս հանդես է գալիս որպես շարժիչ ուժ մարդու հիմնարար մյուս իրավունքների արդյունավետ իրականացման, կառավարությունների ավելի բաց ու թափանցիկ դառնալու և երկրի զարգացման համար:
Խորապես համոզված լինելով սրանում, որպես Կառավարության ներկայացուցիչ ևս մեկ անգամ հաստատում եմ, որ պետության կողմից ինֆորմացիայի հրապարակումը պետք է լինի ոչ թե բարի կամքի դրսևորում, այլ համատարած նորմ՝ իր հստակ մեխանիզմներով, երաշխիքներով ու գործընթացներով: Հենց այս գաղափարի ինստիտուցիոնալ ամրապնդմանն է ուղղված Կառավարության կողմից մշակված Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման նոր հայեցակարգը: Այն նպատակ ունի ապահովել պետական մարմինների կողմից տեղեկությունների հրապարակման պրոակտիվ բնույթը, տեղեկություններ ստանալու հետ կապված էլեկտրոնային հարցումներին արդյունավետ արձագանքը և մի շարք այլ կարևոր հիմնահարցեր:
Մենք շարունակաբար փորձում ենք հաջողություններ գրանցել այս ոլորտում, որպեսզի հնարավորինս ամրապնդվի պետություն-հասարակություն փոխվստահությունը: Կան բազմաթիվ ցուցանիշներ, այդ թվում միջազգային, որով կարելի է պետության առաջընթացը գնահատել, ինչպես օրինակ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից ամեն տարի մշակվող ազատության համաշխարհային ինդեքսն է: Ընդ որում, 2016 թվականի տվյալներով Հայաստանն այդ աղյուսակում նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը 4 սանդղակով: Այդուհանդերձ, պետության համար առաջին տեղում իր իսկ հասարակությունից ստացված գնահատականն է, որի դրսևորումներից մեկն է այսօրվա մրցանակաբաշխությունը:
Ուստի կարևորում եմ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ամեն տարի կազմակերպվող այս մրցանակաբաշխությունը, մասնակիցներին հորդորում ստացվելիք բարձր գնահատականին մոտենալ կրկնակի բարձր պատասխանատվությամբ, իսկ դիտողություններին՝ ամենայն աչալրջությամբ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնին շնորհավորում եմ հիմնադրման տասնհինգամյակի կապակցությամբ , մաղթում բեղմնավոր և հանրօգուտ գործունեություն":