Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Լրագրողներին ներկայացվեցին ՏԱ բարեփոխումները

10.05.2016

2016 թվականի մայիսի 6-7-ին ՀՀ արդարադատության նախարարությունը, Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ)-ի աջակցությամբ «Դիլիջան» առողջարանային համալիրում անցկացրել է լրագրողների իրավական վերապատրաստման ծրագիրը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի ողջույնի խոսքից հետո ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը ներկայացրեց ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության իրավական հիմքը, սկզբունքները, Գործակալության լիազորությունները և կատարած աշխատանքները:

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը իրազեկեց 2016թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Տեղեկատվության տրամադրման մասին ՀՀ կառավարության նոր որոշման հիմնական դրույթները, մասնավորապես՝ տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցումների իրավական հիմքերը, տեղեկությունների տրամադրաման վճարների մասին դրույթները, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու անձանց լիազորություններն ու պարտականությունները: 

Հաջորդ թեման՝ Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, համագործակցությունը և քաղաքականություն  իրականացնող մարմինները, մասնակիցների հետ քննարկեց Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Խաչիկ Հարությունյանը: 

Երկօրյա սեմինարի վերջին օրն ամփոփեցին ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը և ԱՆ իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ի փորձագետ Նանե Հարությունյանը, ովքեր ներկայացրին Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում 2015 թվականին արձանագրած առաջընթացը և Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական միջոցները: 

← Վերադառնալ ցուցակին