Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Վերապատրաստման դասընթացներ "Զրպարտություն և վիրավորանք" թեմայով

07.03.2016

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Տեղեկատվական վեճերի խորհրդի հետ համատեղ 2016թ.-ի մարտի 3-5-ը իրականացրեց վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներ «Զրպարտություն և վիրավորանք. օրենսդրական հիմքերը, մամուլի դեմ դատական գործերը» թեմայով լրագրողների և իրավաբանների համար:

Դասընթացի նպատակն էր լրագրություն և իրավագիտություն դասավանդող մասնագետներին փոխանցել խորքային գիտելիքներ զրպարտության և վիրավորանքի օրենսդրական հիմքերի վերաբերյալ, տեղական և միջազգային փորձի ուսումնասիրությունը, պրակտիկ աշխատանքների օգնությամբ քննարկել և ներկայացնել թեմայի դասավանդման հմտությունները: Եռօրայ դասընթացներին մասնակցեցին ԵՊՀ լրագրության և իրավաբանական ֆակուլտետի դասախոսներ,ասպիրատներ, ինչպես նաև արդեն գործող փաստաբաններ: 

«Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արայիկ Ղազարյանը և «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հ/կ նախագահ Արտակ Զեյնալյանը մասնակիցներին ներկայացրին ՏՎԽ կողմից հրապարակված «Վիրավորանքի և զրպարտության իրավական պաշտպանություն» ձեռնարկը, այնուհետև՝ օրենսդրական հիմքերը և, պրակտիկան: 

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը և ՏԱ փորձագետ, Գործակալության վերահսկողության բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը ներկայացրին Անձնական տվյալների պաշտպանության օրենսդրական հիմքերը, Տեղեկատվության ազատության օրենսդրական զարգացումները և պրակտիկան: 

Դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները մասնակիցները կկարողանան կիրառել համապատասխան ուսումնական դասընթացներում՝ փոխանցելով դրանք ուսանողներին, ինչպես նաև դասընթացում ներկայացված զրպարտության և վիրավորանքի ձեռարկը կդառնա ուսումնական դասագիրք նրանց համար:

Եռօրյա դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին Հավաստագրեր: Դասընթացը կազմակերպվել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող «ԶԼՄ վեճերի արտադատական լուծումներ տալու գործում տեղեկատվական վեճերի խորհրդի հզորացում» ծրագրի շրջանակներում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին