Նորություններ և իրադարձություններ
ՀՀ Ոստկանության արձագանքը ՏԱ Սև ցուցակին
20.04.2016
Տեղեկատվության ազատության եռամսյակային Սև ցուցակի հրապարակումից անմիջապես հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարի հետ կապվեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ով պարզաբանեց, որ ՀՀ ոստիկանությունից ԻԱԿ-ի հարցման պատասխան-գրությունը ելք է եղել և հանձնվել Հատուկ կապի ծառայությանը մարտի 24-ին՝ հարցումը ստանալուց 6 աշխատանքային օր հետո: Չնայած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ՏԱ գրավոր հարցումներին պատասխանելու համար սահմանում է 5 աշխատանքային օրյա ժամկետ, սակայն գրավոր հարցումների դեպքում ԻԱԿ-ը հաշվարկում է լրացուցիչ 4 աշխատանքային օր` որպես փոստային առաքման ժամկետ, իսկ էլեկտրոնային հարցումների դեպքում գրավոր պատասխանների համար՝ լրացուցիչ 1 օր:
Նշենք, ՀՀ ոստիկանության պետի անունը ներառվել էր Տեղեկատվության ազատության եռամսյակային Սև ցուցակում՝ ուշացած պատասխանի համար: 2016թ.-ի մարտի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Ոստիկանություն՝ խնդրելով տեղեկություններ ոստիկանության ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ: Ոստիկանությունը հարցումն ուղարկելուց 21 օր անց տրամադրված գրությամբ մերժել էր խնդրվող տեղեկության տրամադրումը` նշելով, որ պաշտոնատար անձանց ծառայողական մեքենաների սահմանաքանակից բացի մնացած մասով տեղեկությունների տրամադրումը մերժվում է: Թեև պատասխան գրությունը թվագրված է մարտի 22, սակայն Հատուկ կապի ծառայությունն այն առաքել է ԻԱԿ գրասենյակ ապրիլի 6-ին, այսինքն պատասխանը փաստացի ստացվել էր ՏԱ օրենքի էական խախտմամբ՝ 21 օր անց:
Սակայն, սյս դեպքում, ինչպես պարզաբանվեց, պատասխանի ուշացման խախտումն արձանագրվել է Հատուկ կապի ծառայության աշխատանքի արդյունքում: Կարևորելով ՏԱ ոլորտի դրական զարգացումները ՀՀ ոստիկանության համակարգում, փոխադարձ արդյունավետ աշխատանքային փորձը, ԻԱԿ-ը ընդունում է, որ այս դեպքում 21 օրյա ուշացումը ոչ թե ՀՀ ոստիկանության աշխատանքի թերացումն էր, այլ՝ Հատուկ կապի ծառայության, որի աշխատանքին հետամուտ կլինենք այսուհետ:
Հարցումը և ստացված պատասխանը հասանելի են այստեղ: