Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Երեխաների անձնական տվյալների հրապարակում

21.03.2016

 ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ

Երեխաների անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ
 
2016թ.-ի մարտի 2-ին ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանն ուղղված գրությամբ «Save the Children» միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունն իր մտահոգությունն է հայտնել www.shamshyan.com կայքի միջոցով 2016թ.-ի փետրվարի 27-ին Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող Երեխաների խնամքի եւ պաշտպանության Երեւանի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում տեղի ունեցած դեպքի լուսաբանման հետևանքով երեխաների անձնական տվյալների հանրայնացման առիթով:
 
1. Առիթը.
2016թ.-ի փետրվարի 28-ին www.shamshyan.com կայքում «Արտակարգ դեպք Երեւանում. փրկարարների ճիշտ գործողությունների արդյունքում երեխաների խնամքի եւ պաշտպանության համար գիշերօթիկ հաստատությունում կանխվեց երեխաների ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ» վերտառությամբ նյութում ներկայացվել են գիշերօթիկ հաստատության սաների անունները, ազգանունները, տարիքը, հաստատության անունը, ինչպես նաեւ լուսանկարներ, որոնցում երեւում են երեխաները: Երեխաների անձնական տվյալների հրապարակումը դատապարտող հանրային կարծիքի ճնշման արդյունքում www.shamshyan.com կայքը երեխաների անունները փոխարինեց անվան սկզբնատառերով, ինչպես նաեւ կայքից հանվեցին այն լուսանկարները, որոնցում երեւում են երեխաների դեմքերը։ Սակայն, տարածված տեղեկատվությունն արդեն բավարար էր երեխաներին նույնականացնելու համար, մյուս կողմից՝ այլ լրատվական կայքեր արտատպել կամ հղմամբ օգտագործել էին www.shamshyan.com-ում տեղ գտած տեղեկություններն ամբողջ ծավալով՝ հրապարակելով երեխաների անուն-ազգանունները, տարիքը եւ երեխաների լուսանկարները: Այլ լրատվական կայքերում երեխաների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է մինչ օրս:
 
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» 24-րդ հոդվածի 3-րդ մասի 15-րդ կետի համաձայն՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կատարում է հետազոտություններ և մշակողների դիմումների կամ լուսաբանումների հիման վրա տալիս տվյալներ մշակելու վերաբերյալ խորհրդատվություն կամ տեղեկացնում է անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ լավագույն փորձի մասին: 
 
Ղեկավարվելով վերոնշյալ հոդվածով եւ ուսումնասիրելով «Save the Children» միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության գրությունը՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ներկայացնում է իր խորհրդատվական որոշումն այս հարցի վերաբերյալ:
 
2. Երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավական հիմքերը.
 
2.1 Անձնական տվյալների պաշտպանության իրավունքը սահմանադրական իրավունք է: ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ»: ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան»:
 
2.2 Անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ամրագրված է նաեւ ՀՀ կողմից վավերացված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին»  1981թ.-ի կոնվենցիայում (Ստրասբուրգ, 28.1.1981):
 
2.3 1993թ.-ի հուլիսի 22-ին ՀՀ-ն վավերացրել է «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան (ՄԱԿ, 1989թ.) : Կոնվենցիայի 16-րդ հոդվածը սահմանում է. «1. Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի կյանքի (…) միջամտության (…): 2. Երեխան նման միջամտությունից (…) օրենքի կողմից պաշտպանության իրավունք ունի»: Հարկ է նշել, որ Կոնվենցիայի 17-րդ հոդվածով մասնակից պետություններն ընդունել են զանգվածային լրատվության միջոցների կարեւոր դերը եւ ընդունում են, որ երեխայի համար պետք է ապահովել ներպետական եւ միջազգային զանազան աղբյուրների տեղեկատվության ու նյութերի մատչելիությունը, հատկապես՝ այնպիսի տեղեկատվության ու նյութերի, որոնք միտված են երեխայի սոցիալական, հոգեւոր եւ բարոյական բարեկեցությանը, ինչպես նաեւ նրա ֆիզիկական ու հոգեկան առողջ զարգացմանն աջակցելուն: 
 
2.4 Կոնվենցիոն դրույթներն արտացոլված են «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում, որի 22-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, (…) անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության (…)»: Նույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն՝ «Արգելվում է երեխայի առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող (…) տեղեկատվության (…) տարածումը»:
 
2.5 Լրատվամիջոցների առաքելությունը ամրագրող եւ լրագրողների գործունեությունը կարգավորող միջազգային փաստաթղթերը նույնպես անդրադառնում են երեխաների անձնական տվյալների հրապարակմանը: Օրինակ, «Զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի հետ կապված տեղեկատվության տրամադրման վերաբերյալ» Հռչակագիրը  (2003թ., հուլիսի 10) անձնական կյանքի գաղտնիության իրավունքի պաշտպանությունը ամրագրում է որպես սկզբունք՝ նշելով, որ կասկածյալի, մեղադրյալի կամ քրեական վարույթի այլ մասնակիցների վերաբերյալ տեղեկություն հրապարակելիս պետք է հարգել այդ անձանց անձնական կյանքի իրավունքը, առանձնապես, երբ խոսքը գնում է անչափահասների կամ այլ խոցելի անձանց մասին, ինչպես նաև զոհերին, վկաների և նրանց ընտանիքների մասին: 
 
2.6 «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արգելվում է (…) այնպիսի տեղեկատվության տարածումը, որը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը»: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «(…) մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության տարածումը թույլատրվում է, եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար»:
 
 
3. Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վերլուծությունը.
 
ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը. 
 
3.1 հաշվի է առնում երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։ Այս իրավունքը պետք է հարգեն բոլորը,
 
3.2  հիմք է ընդունում, որ երեխաների իրավունքներն, այդ թվում անձնական տվյալների պաշտպանության իրավունքն առաջնահերթ ուշադրության են արժանի։ Երեխաների անձնական տվյալների հրապարակման ցանկացած դեպքում լրատվամիջոցը (լրագրողը) պետք է զգուշավորություն ցուցաբերի երեխային չվնասելու համար: Երեխաներն առավել խոցելի են, քանի որ իրենց ֆիզիկական եւ մտավոր զարգացման, իրավագիտակցության ձեւավորման ճանապարհին կարող են ամբողջությամբ չգիտակցել իրենց անձնական տվյալների պաշտպանության կարեւորությունը։ Փոքր տարիքի հետեւանքով հնարավոր է՝ երեխաները չկարողանան պատշաճ պաշտպանել իրենց իրավունքները, դրա համար նրանք պաշտպանված լինելու իրավունք ունեն,
 
3.3  գտնում է, որ յուրաքանչյուր ոք, առավել եւս՝ պետական մարմինները եւ կազմակերպությունները, ինչպես նաեւ լրատվամիջոցները, երեխայի անձնական կյանքի պաշտպանությանը պետք է առաջնային ուշադրություն դարձնի և բավարար միջոցներ ձեռնարկի երեխաների անձնական տվյալների անօրինական մշակումը բացառելու համար: Տվյալ դեպքում զանգվածային լրատվամիջոցով երեխաների անձնական տվյալները հրապարակվել էին Երեւանի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում տեղի ունեցած դեպքը, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության գործունեությունը լուսաբանելու արդյունքում,
 
3.4 հաշվի է առնում երեխայի լավագույն շահի սկզբունքը, ըստ որի՝ անձը, ով դեռեւս չի հասել ֆիզիկական եւ հոգեբանական հասունության, ավելի շատ պաշտպանության կարիք ունի, քան մյուսները։ Բոլոր այն դեպքերում, երբ երեխայի լավագույն շահի սկզբունքը բախվում է երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքին, ապա պետք է գերակայի երեխայի լավագույն շահի սկզբունքը (օրինակ՝ երեխայի կյանքի կամ առողջության պաշտպանության, երեխային բռնություններից, ֆիզիկական եւ հոգեկան տառապանքներից պաշտպանելու անհրաժեշտության դեպքում եւ այլն),
 
3.5  գտնում է, որ տվյալ դեպքում առկա չի եղել երեխայի լավագույն շահից բխող անհրաժեշտ գործողություն, երեխաների անձնական տվյալների հրապարակումը միտված չի եղել երեխայի սոցիալական, հոգեւոր եւ բարոյական բարեկեցությանը, ինչպես նաեւ նրա ֆիզիկական ու հոգեկան առողջ զարգացմանն աջակցելուն, երեխային պաշտպանելուն։ Ավելին՝ համացանցում հայտնված եւ որոնողական համակարգերի միջոցով մշտապես հասանելի այդ տեղեկատվությունն ինքնին հակասում է երեխայի լավագույն շահին՝ կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ երեխաների կյանքի հետագա զարգացման վրա: 
 
4. Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» 24-րդ հոդվածի 3-րդ մասի 15-րդ կետի դրույթներով՝ ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը գտնում է որ երեխայի անձնական տվյալներ մշակողները, այդ թվում՝ պետական մարմինները եւ լրատվամիջոցները, կրում են հետեւյալ նվազագույն պարտականությունները եւ պարտավոր են. 
 
4.1    իրենց գործունեությունը կազմակերպել վերոնշյալ իրավական նորմերին համապատասխան, անձնական տվյալները հրապարակայնացնել միայն օրինական նպատակով՝ նպատակին հասնելու համար պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր ծավալով,
4.2    երեխաների անձնական տվյալներ հրապարակելիս ցուցաբերել հատուկ զգուշավորություն երեխաներին չվնասելու համար՝ օգտագործելով անձնական տվյալներն ապանձնավորելու միջոցներ (փոխել երեխայի անունը, օգտագործել միայն անվան առաջին տառերը, փակել լուսանկարում երեխայի դեմքը եւ այլն),
4.3 երեխաների անձնական տվյալները հրապարակել միայն այն բացառիկ դեպքերում, երբ հրապարակումը խիստ կարեւոր է երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար եւ ապանձնավորված կերպով հնարավոր չէ հասնել այդ նպատակին,
4.4 Գործակալությունն ակնկալում է, որ բոլոր այն լրատվամիջոցները, որոնք հրապարակել են երեխաների անձնական տվյալները (այդ թվում՝ լուսանկարներ), անհապաղ կապանձնավորեն (անհինարինության դեպքում՝ կհեռացնեն) դրանք՝ ընթերցողներին բացատրելով նման քայլի պատճառները:
 
 Երեխաների անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության Խորհրդատվական եզրակացությունը
 

 

← Վերադառնալ ցուցակին