Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Սահմանադրական դատարանը բեկումնային որոշում կայացրեց

23.02.2016

2016թ.-ի փետրվարի 23-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշմամբ բավարարվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումը, որով ՍԴ-ն ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչեց "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" ՀՀ օրենքի դրույթները։ Այս որոշմամբ փաստորեն ՍԴ-ն ամրագրեց, որ մարդուն իրեն վերաբերող տեղեկությունները չեն կարող վաճառվել պետական մարմինների կողմից, այս դեպքում կոնկրետ՝ Կադաստրի պետական կոմիտեի կողմից։ 

ՀՀ Սահմանադրական դատարանը վերոնշյալ օրենքի 71-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված 32-րդ հոդվածի 2-րդ մասը անվավեր է ճանաչել այնքանով, որքանով որ դրանք տարբերակված մոտեցում չեն սահմանում, երբ տեղեկատվությունը վերաբերում է անձի՝ իր մասին հայցվող տեղեկությանը, ինչպես նաև տեղեկատվության ազատության` օրենքով սահմանված երաշխիքների իրացմանը: Սա նշանակում է, որ անձի՝ իրեն վերաբերող տեղեկությունները չպետք է վաճառվեն նրան՝ այդ կերպ սահմանափակելով անձի՝ ինքն իր մասին տեղեկություն ստանալու իրավունքը: 

Սա նաեւ նշանակում է, որ չպետք է սահմանափակվեն այն սկզբունքները, որոնք ամրագրված են "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքով որպես տեղեկատվության ազատության երաշխիքներ: Սահմանադրական դատարանը "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածների ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել է 2016 թվականի նոյեմբերի 1-ը, որպեսզի օրենքի եւ դրա հետ փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցվեն ՍԴ-ի որոշման պահանջներին: 

Սա նշանակում է, որ առավելագույնը մինչեւ 2016թ.-ի նոյեմբերի 1-ը դեռ սահմանադրությանը հակասող ճանաչված հոդվածները գործելու են, եւ քաղաքացիները դեռ պետք է դրանցով առաջնորդվեն: Դա առավելագույն վերջնաժամկետն է, սական պետական մարմինները (Ազգային ժողովը եւ կառավարությունը) պետք է հնարավորինս շուտ վերացնեն սահմանադրության հետ հակասությունները:

Հիշեցնենք, 2013թ.-ի օգոստոսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի` դատարանին խնդրելով պարտավորեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին տրամադրել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը անվճար կամ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքով սահմանված պայմաններով, այն է` տեղեկատվության 10 էջը գերազանցող յուրաքանչյուր էջի համար` տեղեկության տրամադրման ծախսերը չգերազանցող գումարի դիմաց:

Դատարանները ԻԱԿ-ի հայցը մերժելու հիմքում դրել էին "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը: Արդյունքում, 2015թ.-ի հոկտեմբերի 16-ին ԻԱԿ-ը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարանին` վիճարկելով "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի սահմանադրականությունը: ՀՀ սահմանադրական դատարանը 2015թ.-ի նոյեմբերի 3-ի որոշմամբ գործն ընդունեց քննության:  

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը «ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 71-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀՀ Սահմանադրական դատարանի տարածած հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին