Նորություններ և իրադարձություններ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի կարծիքը ՀՀ սահմանադրության նախագծի 51-րդ հոդվածի վերաբերյալ
22.10.2015
ՀՀ սահմանադրության նախագծի (այսուհետ` Նախագիծ) 51-րդ հոդվածը պարունակում է դրույթներ, որոնք սահմանափակում են տեղեկություն ստանալու իրավունքը: Տեղեկություն ստանալու իրավունքը կարեւորագույն իրավունք է, ժողովրդավարության ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարի նախապայման: Նախագծում այս կարեւոր իրավունքի մասին խնդրահարույց դրույթ նախատեսելը կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել տեղեկություն ստանալու իրավունքի պատշաճ իրականացման համար, ուստի կարող է հիմք հանդիսանալ, որ քաղաքացիական հասարակությունը դեմ քվեարկի Նախագծին:
“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի կիրառման ավելի քան 10 տարվա ընթացքում ձեւավորվել է տեղեկություն ստանալու իրավունքի կիրառման եւ դատական դրական կայուն պրակտիկա, իրավունքը բազմիցս մեկնաբանվել է, որոշակի է եւ հստակ: Ի հակառակ ձեւավորված ՏԱ իրավունքի զարգացման տենդենցներին, ՏԱ իրավունքի ձեւավորված բովանդակությանը` Նախագիծը սահմանափակում է այսօր մարդկանց տրված իրավունքը: Այսպես.
- Նախագծի 51-րդ հոդվածը խնդրահարույց է, որովհետեւ այն նեղացնում է այն մարմինների շրջանակը, որոնց մասին տեղեկությունը պետք է հասանելի լինի: Այսպես, 51-րդ հոդվածն իրավունք է տալիս տեղեկություն ստանալ միայն “պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց” գործուներության վերաբերյալ, այնինչ այսօր ՏԱ իրավունքը ներառում է նաեւ պետական հիմնարկներին, բյուջեներից ֆինանսավորում ստացող մասնավոր կազմակերպություններին, հանրային նշանակության կազմակերպություններին, նաեւ դրանց պաշտոնատար անձանց (“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենք, հոդված 3):
- Նախագծի 51-րդ հոդվածը նաեւ խնդրահարույց է, որովհետեւ այն իրավունք է տալիս ստանալ տեղեկություններ միայն “… գործունեության մասին… այդ թվում՝ փաստաթղթերին…”, այնինչ այսօր ՏԱ իրավունքը տալիս է անկախ դրանց տնօրինման ձեւից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ)` անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երեւույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւավորված տվյալներ ստանալու իրավունք (“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենք, հոդված 3):
- Նախագծի 51-րդ հոդվածը նաեւ խնդրահարույց է, քանի որ այն սահմանում է, որ “… պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը` տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն առանց իրավական հիմքի մերժելու համար, սահմանվում են օրենքով”: Տեղեկություն ստանալու իրավունքի խախտման հնարավորություններն այդքան նեղ չեն: Կարեւորագույն այս իրավունքը կարող է խախտվել նաեւ տեղեկության տրամադրման ողջամիտ ժամկետը (օրենքով սահմանված ժամկետը) խախտելու, ոչ լիարժեք տեղեկություն տրամադրելու, կեղծ տեղեկություն տրամադրելու միջոցով եւ այլն, եւ այդ խախտումները նույնպես պետք է առաջացնեն պատասխանատվություն: Ուստի անթույլատրելի է պատասխանատվության վրա հասնելը սահմանադրությամբ պայմանավորել միայն տեղեկությունները թաքցնելով կամ դրանց տրամադրումն առանց իրավական հիմքի մերժելով:
Այսպիսով, Նախագծի 51-րդ հոդվածը, տեղեկություն տանալու իրավունքը սահմանափակելով միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններով ու պաշտոնատար անձանցով, տեղեկություն տանալու իրավունքը սահմանափակելով միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություն ստանալու եւ փաստաթղթերի ծանոթանալու հնարավորությանբ եւ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը պայմանավորելով միայն տեղեկությունները թաքցնելով կամ դրանց տրամադրումն առանց իրավական հիմքի մերժելով, հետադիմական է, չի բխում ՏԱ իրավունքի զարգացման ուղղությունից եւ սահմանափակում է այսօր արդեն ձեւավորված եւ գործող իրավունքը: