Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Շուշան Դոյդոյանը ստանձնել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնը

14.10.2015


2015թ.-ի հոկտեմբերի 9-ից Շուշան Դոյդոյանը ստանձնել է ՀՀ արդարադատության նախարարության նորաստեղծ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնը՝ 5 տարի ժամկետով: Նրա թեկնածությունն առաջադրել էին իրավապաշտպան 8 կազմակերպություն՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրազեկ և պաշտպանված սպառող», «Ընդդեմ իրավական կամայականության», «Առաքելություն Հայաստան» բարեգործական, «Հայաստանի Մանկական Ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպությունների համատեղ արձանագրությամբ:

ՀՀ արդարադատության նախարարությունը 2015թ.-ի հուլիսին հայտարարել էր Գործակալության պետի պաշտոնի մրցույթ, որի արդյունքում հասարակական կազմակերպությունների կողմից Արդարադատության նախարարության աշխատակազմ էին ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնին հավակնող երկու թեկնածություններ՝ Շուշան Դոյդոյանի և Մարզպետունի Զադոյանի: Ամփոփելով մրցույթի արդյունքները՝ Արդարադատության նախարարությունը Շուշան Դոյդոյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ վարչապետի հաստատմանը: Հոկտեմբերի 9-ից, որպես Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, դադարել են Շուշան Դոյդոյանի լիազորությունները:

Շուշան Դոյդոյանը 2001թ.-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի հիմնադիրն է: Բանասիրական գիտությունների թեկնածու‚ Երևանի պետական համալսարանի դոցենտ։ Շ. Դոյդոյանը տեղեկատվության ազատության իրավունքի ջատագովներից է, ով նախաձեռնել եւ նպաստել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունմանը (2003թ.):

Տկն. Դոյդոյանն առաջին կինն է, ով 2015 թվականի Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությանն արժանացել է Ազատության պաշտպան մրցանակին: Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում Հայաստանում գործող միջազգային կառույցները իրենց գնահատանքն են հայտնում այն անձանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների ու ազատ խոսքի խթանման դիրքերից։

2011-2015թթ եղել է Տեղեկատվական վեճերի խորհրդի քարտուղարը www.idcarmenia.am, որը ԶԼՄ վեճերի լուծման արտադատական մարմին է։

Շուշան Դոյդոյանը Երևանի պետական համալսարանի դոցենտ է: 1997թ.ին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, իսկ 2004թ.ին՝ իրավաբանության ֆակուլտետը: ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում արդեն 18 տարի դասավանդում է «Լրագրողական էթիկա», «ԶԼՄ օրենսդրություն» հեղինակային առարկաները: Տկն. Դոյդոյանը բանասիրական գիտությունների թեկնածու է 2001թ.ից: Մասնագիտացել եւ Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Կենտրոնական Եվրոպայի համալսարանում (Բուդապեշտ) եւ Մոսկվայի պետական համալսարանում։
2003-2005թթ եղել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ներկայացուցիչն է Հայաստանում www.rsf.org: 2004-2006 եւ 2010-2014թ.թ.-ին Շուշան Դոյդոյանը Տեղեկատվության ազատության պաշտպանների միջազգային ցանցի ղեկավար կոմիտեի անդամ է՝ www.foiadvocates.net: Նա նաեւ Եվրոպայի տեղեկատվության մատչելիության կազմակերպության հիմնադիր անդամ է www.access-info.org:

Շուշան Դոյդոյանը 60-ից ավել գիտական հոդվածների հեղինակ է, երկու տասնյակ գրքերի, մենագրությունների եւ դասագրքերի հեղինակ: Ամուսնացած է ունի 4 զավակ։
 

← Վերադառնալ ցուցակին