Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Հայտնի են Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք մրցանակաբաշխության հաղթողները

28.09.2015

Սեպտեմբերի 28-ին Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով արդեն 13-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ով կարևորեց այս նախաձեռնությունը և շնորհավորեց մրցանակակիրներին:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սոռոկինն իր ողջույնի խոսքում ասաց. «ԵԱՀԿ երևանյան գրասենյակն իր հիմնադրումից ի վեր սերտորեն համագործակցում է իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ տեղեկատվության ազատության վերաբերյալ կանոնակարգերը բարելավելու ուղղությամբ: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել բոլոր այն հաստատություններին, ովքեր այսօր ստանալու են ոսկե բանալին, բայց նաև հորդորել բոլորին լինել հետևողական և վճռական տեղեկատվություն ստանալու իրենց ջանքերում»:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունելով ներկաներին՝ նշեց. «Հրապարակայնությունն ու տեղեկատվության ազատությունը կոռուպցիայի նվազեցման առանցքային գործոններ են, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս փոխգործակցել հանրային ծառայությունների հետ։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը նշում է, որ տեղեկատվության ազատության համաշխարհային վարկանշային ցուցակում Հայաստանի ցուցանիշը լավ է: Այնուհանձերձ, լրացուցիչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել հանրային քաղաքականության իրականացման և մշտադիտարկման գործում քաղաքացիների եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը բարձրացնելու ուղղությամբ »:

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Ոսկե բանալի և Ժանգոտ կողպեք ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ձևավորում ու ամրապնդում է հրապարակայնության ու թափանցիկության ավանդույթները Հայաստանի կառավարման համակարգում։ Ոսկե բանալին և ժանգոտ կողպեքը դարձել են ազդեցիկ միջոցներ փակ և գաղտնի գործունեությունը հրապարակայնորեն քննադատելու, միաժամանակ բարձր գնահատելու պետական մարմինների բաց և թափանցիկ աշխատանքը»:

Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին շնորհվեց հետևյալ անձանց և կազմակերպություններին.

  • Ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ճանաչվեց ՀՀ Կոտայքի մարզպետարանը: Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանին Ոսկե Բանալի մրցանակը հանձնեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
  • Տեղեկատվության ազատության լավագույն բարեփոխիչ ճանաչվեց ՀՀ արադարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նրան Ոսկե բանալի մրցանակը հանձնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սոռոկինը։
  • «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության շրջանակում Հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույն իրականացման համար մրցանակ տրվեց ՀՀ կառավարության աշխատակազմին: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, ԲԿԳ ազգային համակարգող Գուրգեն Դումանյանին Ոսկե բանալի մրցանակը շնորհեց ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Ալիսոն Մքֆարլենդը։
  • ԲԿԳ շջանակներում լավագույն նախագծի իրականացնող ճանաչվեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: Նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնեց Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ղեկավար Դեյվիդ Դոուլը։
  • Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք ճանաչվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ www.minagro.am կայքը: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։
  • Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն: ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանին Ոսկե բանալի մրցանակը շնորհում է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
  • Տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահետևողական պայքարող իրավապաշտպան ճանաչվեց «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը: Նրան մրցանակը հանձնեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Թափանցիկության և հաշվետվողականության փորձագետ Արև Մովսիսյանը։
  • «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրատվամիջոց հայտարարվեց Երկիր Մեդիա հ/ը լրատվական-քաղաքական ծրագրերի բաժինը: Հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանին մրցանակը շնորհեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան։
  • Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրատվամիջոց ճանաչվեց Ազատության ռադիոկայանի հայաստանյան գրասենյակը: Ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին Ոսկե բանալի մրցանակը շնորհեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Նաիրա Սուլթանյանը։

Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ տրվեց.

  • Արմավիրի քաղաքապետարանին՝ որպես 2015թ.-ի ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմին:

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ համատեղ, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում եվրոպական միության պատվիրակության համաֆինանսավորմամբ:

← Վերադառնալ ցուցակին